«Amnesty International» կոչ է արել Ադրբեջանի իշխանությանը դադարեցնել ազատ արտահայտման հարցում ճնշումները
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ադրբեջան. Լրագրողները և գրողները ձերբակալվել են, անխիղճ ճնշումներն էլ շարունակվում են» խորագրով հոդված է տպագրել:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանությանը դադարեցնել ազատ արտահայտման հարցում ճնշումները, քանի որ կառավարությունը քննադատող լրագրող՝ Ռաշադ Ռամազանովին և գրող՝ Սարդար Ալիբեյլին, կեղծ մեղադրանքներով ձերբակալել է:
« Ադրբեջանի կառավարությունը անխիղճ ու անողոք հարձակվում է մամուլում այլախոհ ձայների վրա, շարունակում է խայտառակ ձերբակալումները, որոնք, կարծես հիմնված են շինծու քրեական հետապնդման վրա», - նշել է «Amnesty International»-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի տնօրեն Ջոն Դալհուսենը:
Կազմակերպությունը նշում է, որ գրող, բլոգեր Ռաշադ Ռամազանովը «Facebook»-ում և «YouTube»-ում արված հակառավարական գրառման համար 9 տարվա ազատզրկման է դատապարտվել: Իսկ խմբագիր Սարդար Ալիբեյլին էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
«Ռաշադ Ռամազնովը և Սարդար Ալիբեյլին խղճի բանտարկյալներ են, նրանց միայն ձերբակալել են ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնելու համար և նրանց պետք է առանց նախապայմաննների ազատ արձակել»,-նշել է Դալհուսենը:
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանում առնվազն 18 խղճի բանտարկյալներ կան. շատերին ձերբակալել են ԶԼՄ-ներում կառավարության դեմ հայտարարություններ տարածելու համար:
Բլոգերին ձերբակալել են մայիսի 9-ին: Ոստիկանության պնդմամբ, նրա մոտ 9 գրամ հերոին են գտել: Ռամազանովը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ թմրանյութը ոստիկաններն են գցել իր գրպանը:
Ռամազանովը իր փաստաբանին պատմել է, որ նրան բանտախցում դաժան կերպով ծեծել են: Իսկ նրա կինն էլ նշել է, որ նրան ծեծել նախագահ Ալիևին և նրա ընտանիքին քննադատելու համար:
Սարդար Ալիբեյլը ձերբակալվել է 2013թ հուլիսի 31-ին մի տղամարդու կողմից առաջադրված մեղադրանքի պատճառով. իբր նրան Սարդար Ալիբեյլը ծեծել է:
Սակայն վերջինս նշում է, որ անգամ չի էլ ճանաչել այդ մարդուն: Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ նա ընդդեմ կառավարության հոդվածներ է տպագրել:
«Ալիևի վերընտրությունը կարծես ոչինչ չի անում՝ նվազեցնելու հալածանքներն և գրաքննությունը: Այս նոր դեպքերը և առաջատար երկու ընդդիմադիր թերթերի փակումը , հաստատում է Ադրբեջանի ռեժիմի վճռականությունը՝ ոչ թե պարզապես հաղթել, այլ լռեցնել քաղաքական ընդդիմությանը»,-նշել է Դալհուսենը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա