Ա.Մինասյանը ակնկալիքներ չունի. Պնդաճակատ կառավարությունը փորձելու է իր արածն ու ասածը առաջ տանել
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ով ևս մատնանշել է կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրները, վստահ է` նախարարն այլ բան ասել չէր կարող, քանի որ այս պնդաճակատ կառավարությունը փորձելու է իր արածն ու ասածը առաջ տանել: Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի այն հայտարարությունը, թե արտահերթ նիստը, դժվար թե բերի այդ համակարգի ներդրման հետաձգման, ասաց Ա.Մինասյանը:
«Ակնհայտ է, որ համակարգը կայացած չէ, աշխատավարձերի տնօրինվող մասը նվազելու է, ինչը բերելու է սոցիալական լարվածության և երրորդ` գոնե այդ նիստի ժամանակ կներկայացվեն բոլոր ռիսկերը, որոնց մասին մենք խոսում ենք, տեսնում ենք: Դրանից հետո կառավարությունը թող պատասխանի, հանրությունն էլ իմանա»,- ասաց դաշնակցական գործիչը:
Այն պատճառաբանությունը, թե փոփոխությունը պետք է արվի միանգամից շուրջ 50 օրենքների փաթեթում, ինչը բարդացնում է գործընթացը, Արծվիկ Մինասյանը համարեց անհիմն. «Նույնքան անգամ փոփոխություններ արդեն տեղի են ունեցել անցած երեք տարիների ընթացքում: Դա խնդիր չի ընդհանրապես: Բայց ես տեղյակ եմ, որ կառավարությունը և Կենտրոնական բանկը այլ բանից է խուսափում. Իմ ունեցած տեղեկություններով, նրանք ստանձնել են պարտավորություն օրինակ NASDAQ-ին, որին վաճառեցին Հայաստանի ֆոնդային բորսան, որպեսզի նրանց փոխանցեն համակարգի հաշիվների վարման լիազորությունները, իսկ դրանից գոյացած գումարները շատ մեծ են: Եվ ընդհանրապես` սա համարվում է լուրջ ու եկամտաբեր բիզնես այլ երկրում»,- հավելեց Ա.Մինասյանը:
Նշենք, որ Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը սահմանվում է Ազգային ժողովի կողմից 2010-ին ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, ըստ որի 2011-ից գործում է կուտակային համակարգի կամավոր բաղադրիչը, իսկ 2014-ի հունվարի 1-ից նախատեսվում է պարտադիր բաղադրիչի ներդրումը: Օրենքի կիրառումը նախատեսված է հունվարի 1-ից, սակայն պատգամավորները տեսնում են անհրաժեշտություն հետաձգել դա առնվազն յոթ ամսով, քանի որ աշխատավարձերի բարձրացումը պետական բյուջեով նախատեսված է հուլիսի 1-ից:
Նշենք նաև, որ արտահերթ նիստը հրավիրվել է վաղը ժամը 12.00-ին:
Նախորդիվ`
44 ստորագրությունները կան. Հանրապետական խմբակցությունը չի տապալի արտահերթ նիստը