Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը նվազել են. Հրայր Թովմասյան
Իրավաբանական անձանց գրանցման գործընթացը հեշտացել է` այն կատարվում է 15 րոպեում, առանց որևէ մեկի հետ շփվելու և այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազել են: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարն այս օրինակը բերեց Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի հայտարարության համատեքստում, որի համաձայն, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման առումով առաջընթաց կա:
Սակայն Թովմասյանի խոսքով, մի բան է, որ կոռուպցիան իրականում նվազել է, մեկ այլ բան է հասարակության ընկալումը, որտեղ էլ իրականում խնդիրներ կան:
«Կոռուպցիոն ռսիկերը նվազե՞լ են իրավաբանական անձանց գրանցման գործընթացում, այո, նվազել են: Հիմա նույնը կատարվում է զագսում, երեխայի ծննդականը կարող ես ստանալ արդեն ավտոմատ կերպով», - ներկայացրեց նախարարը:
Նրա խոսքով, ասել, որ կոռուպցիա չկա, այդպիսի բան ոչ ոք չի կարող հայտարարել, սակայն նվազել է: «Կառավարության էն ծրագիրը, որ առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում պետության կողմից մատուցվող ծառայությունների 80 տոկոսը հնարավոր է լինելու ստանալ առցանց կամ մեկ պատուհանի միջոցով, սա ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկերի նվազման մասին է խոսում»,- հավելեց նախարարը:
Հարցին, թե ինչո՞ւ հասարակությունը չի նկատում, որ նվազել են կոռուպցիոն ռիսկերը, միգուցե գաղջ մթնոլո՞րտն է պատճառը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Դուք ասացիք: Էն պատճառով, որ լրագրությանը պետք է սենսացիա: Հայ ժողովուրդը մի ունիկալ առանձնահատկություն ունի, բոլորը բոլորին մեղավոր են ճանաչում, բայց ոչ երբեք իրենց»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում