Չեմ կարող կողմ քվեարկել բյուջեին, քանի որ այնտեղ նշվում է, որ զորակոչիկների թիվը պակասել է ու շարունակելու է պակասել. Փաշինյան
«Այս կառավարությունը բյուջեի նախագծում օգտագործել է հարվածային բառապաշարի մի հուժկու զինանոց՝ զարգացնել, խթանել, բարձրացնել, հզորացնել, աջակցել, նպաստել, ամրապնդել, կատարելագործել, ընդլայնել, խորացնել, արդիականացնել, ներգրավել, բարեփոխել, կարգավորել, շարունակել, զորացնել, օժանդակել, նույնիսկ հանրահռչակել: Բայց բյուջեի փաստաթղթին ծանոթանալիս հարց է առաջանում` գործո՞ւմ է այս կառավարությունը», -այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայատարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի մոտ այդ հարցն առաջացել է, քանի որ ֆինանսական գլխավոր փաստաթղթում նա չի գտել լուծումներ Հայաստանի առաջ ծառացած ամենալուրջ մարտահրավերին`աղքատությանը: Հետևաբար նրա որակմամբ, հաջորդ տարվա բյուջեն «հուսահատ է, անողնաշար» ու ինքը դեմ է քվեարկելու դրան:
«Որովհետև չեմ կարող կողմ քվեարկել մի փաստաթղթի, որտեղ հընթացս արձանագրվում է, որ զորակոչիկների թիվը պակասել է ու շարունակելու է պակասել, աշակերտների թիվը պակասել է և շարունակելու է պակասել, ծնունդների թիվը պակասել է և շարունակելու է պակասել, սա ուղղակի հուսահատ, անողնաշար բյուջե է»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորի խորին համոզմամբ, հաջորդ տարվա բյուջեում ոչինչ չկա, որը լավատեսության հիմք կներշնչի: «Հիմա կարող է հարց հնչել, մի՞թե այդ 1 200 էջանոց բյուջեում մի կետ չկա, որ այսօրվա դրությամբ լավատեսություն է ներշնչում։ Կա թեկուզ մի փոքր կետ պարունակում է, դա այն է, որ կառավարությունը ռիսկերի մեջ հնարավոր է համարել մեր քաղաքական անկայունությունները։ Ճիշտ է, մեր քաղաքական անկայունությունն, անկեղծ, այդքան էլ լավ բան չէ, բայց երբ որ համատարած ինչ-որ ճահճային վիճակ է, մարդիկ փորձում են հույս փնտրել այդպիսի տեղերում։ Այս է պատճառը, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործունեությունը հանրության որոշակի շրջանում դրական արձագանքի է արժանանում, որովհետև մարդիկ տեսնում են, որ այս կառավարությունը, այս իշխանությունը փոփոխության բոլոր ճանապարհները փակել է»,- հավելեց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները