Տիգրան Սարգսյան. Մենք հնարավորություն ունենք ևս մեկ անգամ դիմելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին
Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգում ընդգրկված հարցերին անդրադառնալը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին: Նա նշել է, որ ծրագրին դիմելու հնարավորություն այս պահին Հայաստանն ունի, սակայն հավանականությունն այնքան էլ մեծ չէ, որ դիմումը կարող է բավարարվել:
«Դուք գիտեք, որ Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները և այն գնահատել է որպես արդյունավետ ծրագիր, քանի որ բոլոր թիրախները, որ մենք դրել էինք մեր առջև, ամբողջությամբ ի կատար են ածվել: Այս առումով մենք պետք է շնորհակալություն հայտնենք Միացյալ Նահանգների վարչակազմին, քանի որ ծրագիրն էական նշանակություն ունեցավ մեր տնտեսության համար: Այսօր ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք հնարավորություն ունենք ևս մեկ անգամ դիմելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Նախապայմանն այդ ծրագրից օգտվելու ցուցանիշներն էին, որոնք հրապարակվում էին և որոնց գծով մենք պետք է ունենայինք դրական արդյունքներ»,- դիմելով գործադիրի անդամներին ասել է կառավարության ղեկավարը:
Նա տեղեկացրել է, որ «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակի կայքէջում տեղադրված են վերջին գնահատականները, ըստ որոնց Հայաստանի Հանրապետությունը բոլոր երեք հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատականներ:
«Մեր հիմնական թույլ կողմը համարվում էր կոռուպցիոն ռիսկերը, և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր: Հանձնարարվում է ֆինանսների նախարարին՝ այս հարցը բարձրացնել Միացյալ Նահանգներում մեր միջկառավարական հանձնաժողովի նիստին, ինչպես նաև դիմել «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակին նոր հայտով, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ստանալու նոր ֆինանսավորում: Իհարկե, մենք պետք է գիտակցենք, որ հավանականությունը այնքան էլ մեծ չէ, որովհետև այդ ֆինանսավորումն ստանալու հավակնություն ունեցող և դիմող երկրների թիվը բավական մեծ է, այդ ֆինանսական միջոցներից օգտվելու մրցակցությունը բավական մեծ է լինելու: Բայց մենք պարտավոր ենք օգտվել այդ հնարավորությունից»,-ասել է նա: