Վահրամ Բաղդասարյան. 2014թ.-ի բյուջեով կրճատվում է վարչարարությունը
«Այս բյուջեն իրատեսական բյուջե է և այս տարվա բյուջեով վարչարարությունը մեծ չափով կրճատվում է, ինչի մասին հայտարարում է նաև կառավարությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով 2014թ.-ի բյուջեին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ այս տարվա բյուջեն ծրագրային է և այս բյուջեով բարձրացվելու է պետական աշխատողների աշխատավարձերը:
«Աշխատավարձերը բարձրանալու են մշակույթի, կրթության, առողջապահության ոլորտի բազմահազար աշխատողների համար, սակայն խոսվում է հիմնականում պետական չինովնիկների աշխատավարձերի բարձրացման մասին»,-նշեց Վ. Բաղդասարյանը:
Նրա խոսքերով, ՀՀ-ում մաքսային և հարկային օրենսդրությունները բարեփոխումների կարիք ունեն:
«Երբ կառավարությունը ներկայացնում է ծրագրեր, պետք է ներկայացնի երկարաժամկետ ծրագրեր, այդ թվում արդյունաբերության զարգացման ոլորտում, ինչը կարող է ազդել նաև արթագաղթի տեմպերի կրճատման վրա, քանի որ մարդիկ կհասկանան, թե իրենց ինչ է սպասվում ապագայում»,-նշեց Վ. Բաղդասարյանը:
Անդրադառնալով ստվերի կրճատման խնդրին Բաղդասարյանը նշեց, որ պետք է մշակել այնպիսի օրենքներ, որոնք դժվար կլինի շրջանցել և դա կազդի նաև ստվերի կրճատման վրա:
Վ. Բաղդասարյանը նշեց, որ պետք է հարկատեսակների կրճատման քաղաքականություն վարել և շրջանառության վրա ուժեղացնել վերահսկողությունը:
Բանախոսն անդրադառնալով կենսաթոշակային համակարգին անցնելու թեմային նշեց, որ իրենք կողմ են եղել այդ կենսաթոշակային համակարգի աստիճանական անցմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները