Հետազոտություն. Պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության վարկանիշային աղյուսակում գրանցվել է սենսացիա
ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և կառավարությանն առընթեր մարմինների պաշտոնական կայքերի հետազոտման արդյունքներով տեղեկատվական թափանցիկության վարկանիշային աղյուսակում առաջին տեղը միգրացիոն պետական ծառայությունն է, այնուհետև` տարածքային կառավարման նախարարությունը, արդարադատության նախարարությունը: Հետազոտման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
2013 թվականի մայիսի 1-ից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիտորինգ: Ուսումնասիրել են 51 պետական կայքեր: Դրանք պայմանականորեն բաժանվել են երեք խմբի: Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների 34 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ» (ՏԿՀ) միասնական ցանցում: Երրորդում՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքերը:
Կայքերի դիտարկումն իրականացվել է 152 չափանիշով: Ստացված տվյալների հիման վրա և հատուկ մշակված բանաձևերով հաշվարկել են տեղեկությունների քանակական և որակական գործակիցները, որից հետո հիմնական ցուցանիշը` տեղեկատվական թափանցիկության գործակիցը: Կայքերում գնահատվել են տեղեկատվության առկայությունը/բացակայությունը, տեղեկատվության ամբողջականությունը, hրատապությունը (օպերատիվությունը), մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես):
Ի տարբերություն նախորդ ուսումնասիրությունների, ներկա մոնիտորինգն իրականացվում է նոր մեթոդաբանությամբ, որը հիմնված է EXMO ավտոմատացված տեղեկատվական համակարգի վրա:
«Սենսացիոն բան է, որ միգրացիոն պետական ծառայությունը հայտնվել է առաջին տեղում: Վերջին երկու տարում լիդերը տարածքային կառավարման նախարարությունն էր: Բավական մեծ առաջընթաց է արձանագրել արդարադատության նախարարությունը: Ամենամեծ առաջընթացն ապահովել է առողջապահության նախարարությունը` նախկին 27-րդ տեղի փոխարեն հայտնվելով 8-րդ տեղում, ԱԻՆ-ի կայքը` 29-րդից տեղափոխվել է 18-րդ: Վարկանշային աղյուսակը եզրափակում են հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը և միջուկային անվտանգության կոմիտեն»,- ասաց նա:
Ա. Մելիքյանը նշեց, որ եթե նախորդ անգամ, ըստ հաշվարկների Հայաստանի նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնական կայքերի տեղեկատվական թափանցիկության նախնական միջին գործակիցը կազմում էր 42.05 տոկոս, վերջնական միջին գործակիցը կազմում է 51.09 տոկոս:
Ա. Մելիքյանի դիտարկմամբ, ընդհանուր առմամբ, մարզպետարանների կայքերը բավականին ակտիվ էին ու մեծ առաջընթաց է արձանագրվել այդ խմբում: ՀՀ 10 մարզպետարանների պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներով առաջատարը Կոտայքի մարզի պաշտոնական կայքն է, այնուհետև՝ Լոռու, Գեղարքունիքի,Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի մարզպետարանների կայքերը:
Հայաստանի մարզպետարանների պաշտոնական կայքերի տեղեկատվական թափանցիկության նախնական միջին գործակիցը կազմել է 41.34 տոկոս, վերջնականը` 74. 26 տոկոս:
ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքերի վարկանիշային աղյուսակ չի կազմվել, քանի որ այդ մարմինների գործառույթներն ու դերը, ինչպես նաև հրապարակման համար անհրաժեշտ տեղեկությունների քանակը տարբեր են, հետևաբար ստացված արդյունքները համադրելի չեն: Այդ պատճառով տեղեկատվական թափանցիկության ցուցանիշները ներկայացվում են ըստ այդ մարմինների՝ ՀՀ Սահմանադրությամբ հաստատված աստիճանակարգության՝
ՀՀ նախագահի կայք՝ Տեղեկատվական մատչելիության վերջնական գործակիցը` 35.39 տոկոս (նախնական` 33.62 տոկոս)
ՀՀ Ազգային ժողով՝ 80.10 տոկոս (նախնական` 55.08 տոկոս)
ՀՀ կառավարություն՝ 49.11 տոկոս (նախնական` 46.45 տոկոս)
ՀՀ սահմանադրական դատարան՝ 49.56 տոկոս (նախնական` 45.14 տոկոս)
ՀՀ դատախազություն՝ 73.65 տոկոս (նախնական` 59.50 տոկոս)
Երեւանի քաղաքապետարան՝ 57.55 տոկոս (նախնական` 54.97 տոկոս)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան՝ 39.37 տոկոս (նախնական` 38.64 տոկոս)
Արդյունքները ներկայացնելուց հետո Աշոտ Մելիքյանն ասաց, որ բոլոր խմբերում նկատվել է տեղեկատվության թափանցիկության, մատչելիության գործակիցների աճ, ինչն արդեն դրական է:
Ինչ վերաբերում է թերություններին, ըստ նրա, պաշտոնական կայքերից շատերին բնորոշ թերություններից է հատկացված տարեկան բյուջեի ծախսերին, տվյալ մարմնում անցկացված կամ պետական մարմինների շրջանակում կատարված ստուգումների արդյունքների բացակայությունը: Մի շարք կայքերում թերի են ներկայացված թափուր պաշտոնների ցանկը, դրանք զբաղեցնելու համար մրցույթների անցկացման կարգը, այդ մրցույթների արդյունքները և դրանց բողոքարկման հնարավորությունները:
«Սա նշանակում է, որ Հայաստանի ոչ բոլոր պետական մարմիններն են լիարժեք տեղեկություններ ներկայացնում հանրությանը և բավարար կերպով օգտագործում արդի տեխնոլոգիաները, ամենից առաջ` համացանցային հնարավորությունները»,- ասաց Ա. Մելիքյանը: