Հայաստանի հավաքականներն առաջատարների խմբում են
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Վարշավայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Հունգարիայի ընտրանու նկատմամբ: Սերգեյ Մովսիսյանը երկրորդ խաղատախտակի վրա պարտության մատնեց Զոլթան Ալմասիին, և այդ հաղթանակը վճռորոշ եղավ ողջ մրցակցության ելքի հարցում: Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Քսաբա Բալողի, Վլադիմիր Հակոբյանը` Յուդիթ Պոլգարի, իսկ Գաբրիել Սարգսյանը` Թամաշ Բանուշի հետ:
6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն իր ակտիվում ունի 9 միավոր և Ռուսաստանի թիմի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Ֆրանսիայի ու Ադրբեջանի հավաքականները վաստակել են համապատասխանաբար 11 և 10 միավոր և զբաղեցնում են 1-ին ու 2-րդ տեղերը:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Ռուսաստանի ընտրանու հետ:
Կանանց մրցաշարում Հայաստանի ազգային թիմը 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց Իսպանիայի հավաքականին: Էլինա Դանիելյանը հաղթեց Օլգա Ալեքսանդրովային, Լիլիթ Մկրտչյանը` Սաբրինա Գուտյերեսին, Մարիա Կուրսովան` Իրենե Նիկոլաս Զապատային, իսկ Լիլիթ Գալոյանը միավորը կիսեց Անա Մաթնաձեի հետ: Այժմ մեր թիմն իր ակտիվում ունի 9 միավոր և Վրաստանի, Լեհաստանի և Լեհաստան-3-ի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը: Առաջատարը` Ուկրաինայի ընտրանին, հետապնդողներից առաջ է անցել երկու միավորով:
Այսօր Հայաստանի կանանց հավաքականը կմրցակցի Լեհաստան-2-ի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները