Կարտոֆիլային պատերա՞զմ. «Պատերազմները հո միայն զենքո՞վ չեն լինում»
Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը երեկ կրկին հայտարարել է, որ վարկված կարտոֆիլը ներմուծված է եղել Հայաստանից:
Սա ուշագրավ է, քանի որ օրեր առաջ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը, ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հետ Վրաստան կատարած այցից հետո, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Հայաստանի բեռի անվան տակ ներկայացված կարտոֆիլն իրականում Հայաստանից արտահանված կարտոֆիլը չի եղել»:
Ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, անդրադառնալով Վրաստանի գերատեսչության` նախօրեին տարածած հայտարարությանը, Panorama.am-ին ասաց, որ հաստատում է օրեր առաջ ծառայության արած հայտարարությունը:
«Հայկական կողմը պնդում է, որ տվյալ խմբաքանակից վերցված նմուշը չէր կարող լինել վարակված, քանի որ Հայաստանում տվյալ հիվանդությունն ընդհանրապես չկա»,-ասաց մամուլի խոսնակը:
Այդ պարագայում ինչո՞ւ են վրացիները նման հայտարարությամբ հանդես գալիս, հասկանալու համար Ա. Սուքիասյանը խորհուրդ է տալիս կապվել հարևան երկրի տվյալ գերատեսչության հետ. «Միգուցե չե՞ն ուզում իրենց հակասեն»:
«Մենք մնում ենք այն համոզման, որ նմուշը վերցված չի եղել Հայաստանից տարված բեռից: Նմուշի փորձաքննությանը ներկա չի եղել հայկական կողմի ներկայացուցիչ, ինչը կասկածներ է հարուցում»,-ասաց Ա. Սուքիասյանը, ավելացնելով, որ հետ ուղարկված կարտոֆիլն այստեղ փորձաքննության է ենթարկվել, ըստ արդյունքների առողջ է եղել, դրվել է շրջանառության մեջ:
Տեղի ունեցածից հետո գրեթե ամեն օր ու նույնիսկ օրը մի քանի անգամ հայ-վրացական սահմանը կարտոֆիլով բեռնված մեքենաներ են հատում, արտահանումր շարունակվում է, Հայաստանում սպասում են վրացի գործընկերներին, որոնց այցի ժամանակ առաջացած մի շարք հարցերի վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվելու:
«Մենք ակնկալում ենք նրանցից նորմալ համագործակցություն»,-ասաց ծառայության մամուլի խոսնակը:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Վրաստանի նախարարության հայտարարության մեջ ազերիների հետքն է տեսնում: Նրա խոսքով, այսօր գյուղատնտեսության ճյուղերից Հայաստանում միայն կարտոֆիլագործությունն ու հացազգիների արտադրություն է կայացած, «ի տարբերություն տոմատի մածուկի, որը վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը արտահանող երկրից դարձավ ներմուծող երկիր»:
«Հենց մեր տնտեսությունը մի քիչ կայունանում է, հարևան պետությունները սկսում են լուրջ անհանգստանալ: Ունենք երկու բնագավառ, դա էլ խորտակեն, ինչ վատ կլինի: Պատերազմները հո միայն զենքո՞վ չեն լինում»,-ասաց նա:
Նա հստակ տվյալներ ունի, որ Հայաստանում մի գրամ կարտոֆիլ չի թափվել:
«Այսօր ամբողջ աշխարհում կարտոֆիլի կրիզիս է: Այսօր առավոտյան Ռուսաստանի լուրերով կարտոֆիլը համեմատեցին ձկան խավիարի հետ, հայտարարելով, որ «կարտոֆիլը շուտով դելիկատես է դառնալու»»,-ասաց Բերբերյանը:
«Մեր արտադրած կարտոֆիլն 100 տոկոսանոց առողջ է»,-ասաց միավորման նախագահը, որի ղեկավարած կառույցին անդամակցում է կարտոֆիլ աճեցնող 2 324 ֆերմեր, 37 սերմ արտադրող Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի մարզերից:
Վրաստան ուղարկված կարտոֆիլի խմբաքանակում եղել է նաև միավորման անդամ ֆերմերների արտադրած կարտոֆիլից, գումարը նորմալ տվել են, բողոքներ Բերբերյանին չեն հասել: Նա նաև կարևորում է, որ արհեստական աժիոտաժն իր նպատակին չհասավ, կարտոֆիլի շուկայում գնանկում չեղավ:
Բերբերյանն այն համոզման է, որ նախարարների մակարդակով կարելի էր հարցը կարգավորել, «ոչ թե պատահական մարդկանց միջոցով հայտարարություններ անել, ուղղակի մարդիկ իրենց տեղում չեն ու չեն ուզում մարդկանց խնդիրներով զբաղվել: 2-3 տարում մեր հանրապետությունը կարելի է ծաղկող գյուղատնտեսության երկիր սարքել, որը չի արվում»:
Նախորդող հրապարակումներ`
Վրաստանը Հայաստանից ներկրվող կարտոֆիլը վարակված է համարում. Բախչագուլյանը խնդիրը տեղում հասկանալու համար կմեկնի Վրաստան
«Թուրքի արած է, նպատակը` գյուղացուն թալանելը». Բերբերյանը` կարտոֆիլի շուրջ ստեղծված աղմուկի մասին
Վրաստանում հայտնաբերված վարակված կարտոֆիլը Հայաստանից արտահանված չի եղել. Արթուր Նիկոյան
Պիպոյանը` վարակված կարտոֆիլի մասին. «Եթե Վրաստանը անօրինական է գործում, պետք է բողոքել համապատասխան ատյաններ»