«Մակիմոտոյի ալիքի» հեղինակը` Ճարտարագիտական համալսարանի պատվավոր դոկտոր
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն (Պոլիտեխնիկ) այսօր հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013թ. մրցանակակիր, «Հիտաչի» ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և «Հիտաչի» ընկերության ավագ գործադիր տնօրեն, ներկայումս Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո Վիժն» ընկերության նախագահ դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին։
Համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Ցուգիո Մակիմոտոյի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Ցուգիո Մակիմոտոյին շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:
«Պոլիտեխնիկի պատվավոր դոկտորների շարքում են ինչպես Հայաստանի գիտնականներն ու գործիչները, ովքեր մեծ ավանդ ունեն համալսարանի զարգացման հարցում, այնպես էլ օտարերկրացի այն գիտնականները, որոնց աշխատանքները համաշխարհային գիտական կյանքում մեծ արժեք են ներկայացնում»,-ասել է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը:
Ռեկտոր Արա Ավետիսյանը Ց. Մակիմոտոյին և նրա տիկնոջը ներկայացրել է ՀՊՃՀ ձեռքբերումների տարեգրությունը՝ շեշտը դնելով համալսարանի զարգացման ծրագրերի և ՏՏ ոլորտում կատարած գիտական ու նորարարական աշխատանքների վրա։
Այցի շրջանակներում Ցուգիո Մակիմոտոն հանդես է եկել մասնագիտական ուշագրավ դասախոսությամբ՝ «Կիսահաղորդչային նորարարություններ և ՏՏ հեղափոխություն» թեմայով։ Ներկայացնելով իր մասնագիտական կյանքը, որը նվիրված է կիսահաղորդչային բնագավառին, նա խոսել է կիսահաղորդիչների և ՏՏ զարգացման վաղ շրջանի, ներկայի և ապագա տասնամյակների իր կանխատեսումների մասին: Նրա կարծիքով կիսահաղորդիչները փոքր քարեր են, որոնք ոչ մի օգուտ չեն տա, եթե չլինեն տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնց համար կիսահաղորդիչները էներգետիկ աղբյուր են։
Դոկտոր Մակիմոտոյի հեռատեսական մոդելներն ու նախագծերը հնարավորություն են տվել նրան հայտնաբերել և հրապարակել հայտնի «Մակիմոտոյի ալիքը», որը վերաբերում է կիսահաղորդչային արդյունաբերության ցիկլային բնույթին: Նա իր ելույթում անդրադարձել է «Մակիմոտոյի ալիքին», պատվիրված ու ստանդարտ սարքերին և չփոփոխվող դինամիկ հիշողությանը։
Իր ելույթում Ցուգիո Մակիմոտոն շնորհակալություն է հայտնել համալսարանին իր գործունեության գնահատման և իրեն ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանացնելու համար` նշելով, որ այսօր իր կյանքի լավագույն օրերից մեկն է: «Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը առաջնահերթ խնդիր է համարվում։ Սա ուրախալի է ինձ համար, քանի որ այն առաջնահերթ է նաև Ճապոնիայում: Ես կարևորում եմ ՏՏ ընկերությունների և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը, ինչն արդեն նկատելի է այստեղ»,-ընդգծել է պարոն Մակիմոտոն:
Նախորդող հրապարակում`
Նախագահի մրցանակին արժանացած Hitachi ընկերության տնօրենը Երևանում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան