Կին պատգամավորների հետ դեպի Լատինական Ամերիկայի երկրներ
Արդեն հայտնի է, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 19-ին պաշտոնական այցով մեկնելու է Լատինական Ամերիկայի երկրներ` Բրազիլիա, Ուրուգվայ և Արգենտինա: Այս այցը հանրության կողմից քննարկելի դարձավ այն պատճառով, որ ինչպես մամուլը (մասնավորապես` «Ժողովուրդ» թերթը) գրեց Հանրապետական խմբակցության կանայք միմյանց միջև վիճում են, թե ով պետք է ուղեկցի Հովիկ Աբրահամյանին: Ավելին պատգամավորներ Կարինե Աճեմյանը և Մարգարիտ Եսայանը խորհրդարանի միջանցքներում բարձրաձայն փորձել էին միմյանցից պարզաբանումներ պահանջել, ինչը ֆիքսել էին լրատվամիջոցները:
Այժմ կարծես ամեն ինչ հարթվել է. Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում խորը ցավ էր հայտնել էմոցիոնալ բռնկման համար և նա, և Կարինե Աճեմյանը կլինեն Հովիկ Աբրահամյանի ղեկավարած խորհրդարանական պատվիրակության կազմում: Ավելին, նրանց հետ միասին կին պատգամավորներից կլինեն նաև ՀՀԿ-ից Ռուզան Մուրադյանը, կոալիցիոն ՕԵԿ-ը ներկայացնող Հեղինե Բիշարյանը և այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Panorama.am-ը Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց պարզել, թե ֆինանսական ինչ միջոցներով են իրականացվելու Լատինական Ամերիկայի երկրներ կատարվելիք այցը և ով է իրավասու ձևավորել պատվիրակության կազմերը:
Պարզվում է` այցելությունը պետական բյուջեի հաշվին չի լինելու: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը Panorama.am-ին ասաց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Բրազիլիա, Ուրուգվայ և Արգենտինա իրականացվում է այդ երկրների խորհրդարանների նախագահների հրավերներով:
«Հայաստանի պատվիրակության ծախսերը, ըստ ընդունված կարգի, հոգում են հրավիրող կողմերը», -փոխանցեց տիկին Պողոսյանը:
Իսկ հարցին, թե ո՞վ է որոշում պատվիրակության կազմը, Պողոսյանն ասաց, որ դա ԱԺ նախագահի իրավասությունների տիրույթում է: «ԱԺ նախագահն է որոշում իրեն ուղեկցող պատվիրակության կազմը: Պատվիրակության ձևավորման սկզբունքը որոշվում է` հաշվի առնելով այցի օրակարգային հարցերը և հանդիպումները: Նշեմ, որ պատվիրակության կազմում ապահովվում է նաև խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացվածությունը», -ասաց ԱԺ պաշտոնյան:
Ինչ վերաբերում է Լատինական Ամերիկայի երկրների կատարելիք այս այցին, նա տեղեկացրեց, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ խորհրդարանական հանձնաժողովների, բարեկամական խմբերի, կին պատգամավորների միջև: