Ակցիան շարունակվում է ՀՀԿ գրասենյակի դիմաց. «ՀՀԿ-ն մինչև ժամը 3-ը ժամանակ ունի»
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոք քաղաքացիներն այս պահին ՀՀԿ գրասենյակի առջև են: Երևանի փոխոստիկնապետ Վալերի Օսիպյանը ելույթ ունեցող երիտասարդին տեղեկացրեց, որ պարտավոր են ներկայացնել հետագա գործողությունները: Մասնակիցներն ասացին, որ հավաքն ու երթն ինքնաբուխ է, գործողությունների պլանը կներկայացնեն քիչ ուշ:
Օսիպյանը զգուշացրեց, որ բողոքի մասնակիցները խանգարում են ուրիշների տեղաշարժին: «Մենք ձեր հրահանգներին ենթարկվում ենք»,-ասացին Օսիպյանին:
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց խնդիրը սոցիալական և իրավական է, և որևէ քաղաքական ելույթ համաձայնեցված չէ նախաձեռնության անդամների հետ: Հայտարարեցին, որ Հանրապետական կուսակցությունը մինչև ժամը 15-ը ժամանակ ունի ներկայանալու Ազգային Ժողով, որպեսզի կայանա արտահերթ նիստ` խնդրի քննարկման համար:
Ակցիայի մասնակիցները խնդրի վերաբերյալ ունեցած մտահոգությունների 25 կետանոց փաթեթը փորձում են ներկայացնել ՀՀԿ գրասենյակ ու ստանալ նաև պատասխան, թե ինչու բոյկոտեցին նիստը: Այս պահին ակցիայի երկու մասնակիցներ մտան ՀՀԿ շենք: Նրանք առաջարկում են օրենքից հանել «պարտադիր» բառը` այն փոխարինելով «կամավոր» բառով: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, այսօրվա ընթացքում նաև ժամը 15.00-ին պատգամավորների գրանցում կկատարվի և եթե քվորում կրկին չապահովվեց, ապա արտահերթ նիստը իսկապես կարելի է տապալված համարել: Արտահերթում պետք է քննարկվեր պարտադիր կուտակային կենսաթոշակի բաղադրիչը մինչև մեկ տարով հետաձգելու անհրաժեշտությունը:
Նախորդող հրապարակումներ`
Արտահերթը տապալվեց
Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ՀՀԿ գրասենյակ