Ցուգիո Մակիմոտոյոն ՀՀ նախագահին ասել է, որ մտադիր է նախատեսվածից ավելի մնալ Հայաստանում և մոտիկից ծանոթանալ մեր երկրին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել և պարգևատրել մեր ժամանակների ՏՏ ոլորտի ամենաակնառու ճարտարապետներից մեկին, ում ձեռքբերումներն այդ ոլորտում շրջադարձային եղան և ազդեցություն ունեց ան մեր կյանքի բոլոր բնագավառների վրա: Մենք Հայաստանում մեծ նշանակություն ենք տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը. այսօր այն մեր ամենազարգացող ոլորտներից մեկն է»,-հանդիպման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա վստահություն է հայտնել, որ Ցուգիո Մակիմոտոյի այցը Հայաստան կխթանի Ճապոնիայի հետ մեր երկրի համագործակցությունը, միաժամանակ մեծ ոգևորություն առաջացնելով ՏՏ ոլորտում աշխատող հայաստանցի մասնագետների մոտ, այդ թվում՝ բոլոր այն երիտասարդների, ովքեր մտածում են ապագայում զբաղվել հենց այդ տեխնոլոգիաներով:
Ցուգիո Մակիմոտոն շնորհակալություն է հայտնել մրցանակի համար և մեծ պատիվ համարել Հայաստանի կողմից նման վերաբերմունքի արժանանալը: «21-րդ դարում համաշխարհային մրցունակության մրցավազքում հաղթելու համար տեղեկատվական տեխնոլոգիաների դերը չափազանց կարևոր և մեծ է: Մաղթում եմ, որպեսզի Հայաստանը և Ճապոնիան կարողանան համագործակցության եզրեր ստեղծել այդ ոլորտում»,-ասել է Ցուգիո Մակիմոտոն:
Նա նշել է, որ մտադիր է նախատեսվածից ավելի մնալ Հայաստանում և մոտիկից ծանոթանալ մեր երկրին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին:
Հանդիպումից հետո Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին նվիրված նամականիշերի մարման արարողությունը: Նամականիշերից մեկին պատկերված է ՀՀ Նախագահի մրցանակը, մյուսին՝ դափնեկրին տրվող հուշամեդալը, իսկ խորապատկերին պատկերված է սահմանների բացակայությունը խորհրդանշող երկրագունդը: Հիշյալ երկու նամականիշերից բացի կթողարկվի նաև փոստային բացիկ, որի վրա պատկերված կլինեն նախորդ երեք մրցանակակիրները:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակի հանձնման առիթով՝ ի պատիվ պարոն Ցուգիո Մակիմոտոյի և տիկին Կումիկո Մակիմոտոյի, Նախագահի նստավայրում երեկոյան կկազմակերպվի նաև ընդունելություն:
***
Լրացուցիչ տեղեկություններ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի վերաբերյալ
Ցուգիո Մակիմոտոն Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի չորրորդ դափնեկիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, երկրորդը՝ 2011թ. «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, իսկ երրորդը՝ 2012թ. «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:
Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան