Բարձր վարձավճարներ, մասնագիտությամբ աշխատատեղերի պակաս… Ուսանողների խնդիրները
Ուսանողների առաջ կանգնած հիմնական խնդիրներն այսօր բարձր վարձավճարներն ու հետագայում մասնագիտությամբ աշխատանք գտնելն է: Ուսանողների միջազգային օրվան` նոյեմբերի 17-ին ընդառաջ կայացած քննարկմանն այսօր նման կարծիք հայտնեցին հայաստանյան առաջատար մի շարք բուհերի ներկայացուցիչներ:
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանն իր ելույթում նշեց, որ վարձավճարների հարցը երկու կողմ ունի` մի կողմից ուսանողների ընտանիքների սոցիալական վիճակն է, մյուս կողմից էլ դասախոսներն են պահանջում աշխատավարձերի բարձրացում: «Պետք է գտնել տարբերակներ, որպեսզի աջակցենք ուսանողներին: Կան որոշակի զեղչային համակարգեր, որից օգտվում են ուսանողները»,- ասաց նա: Րաֆֆի Քարամյանը նաև նշեց, որ մեծ խնդիր է այն, երբ երիտասարդ կադրերն ավարտում են և աշխատանք չեն ունենում: Ըստ ԵՊՀ ուսանողների ներկայացուցչի` պետք է լինի սերնդափոխություն:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանն էլ նկատեց, որ բոլոր երկրներում ուսանողն ամենախոցելի խավն է համարվում, իսկ խնդիրները շատ են: «Ես կարծում եմ, որ կրթությունը պետք է լինի անվճար, բայց մեր երկրում շատ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այս պահին դա հնարավոր չէ: Վարձավճարներն ամենաշատը բարձրացել են մեր համալսարանում, բայց նկատենք, որ մենք այս տարի, բարձրացված վարձավճարներով ունեցանք ավելի շատ դիմորդ, քան նախորդ տարիներին»,- ասաց նա:
Սևակ Խաչատրյանը հայտնեց, որ իրենց բուհում սոցիալական փաթեթներ են ներկայացվել, փորձում են աջակցել ուսման առաջամարտիկներին: Ինչ վերաբերում է խնդրին, որ ուսանողները չեն կարողանում մասնագիտությամբ աշխատանք գտնել, ապա ըստ նրա. «Ծիծաղելի է, երբ ուսանողը սովորում է և ավարտում, օրինակ, հաշվապահական գործ մասնագիտությամբ, բայց գնում է աշխատանքի ընդունվելու, և գործատուն ասում է գնա հաշվապահական կուրսերի, այդ թերթիկը բեր, որ աշխատանքի ընդունեմ»: Սևակ Խաչատրյանի բնորոշմամբ` գործատուն հստակ չափանիշներ չի նշում, գործատու-բուհ համագործակցություն չկա, և երկու կողմերն էլ մեղավոր են:
Քննարկմանը մասնակցում էր նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի ներկայացուցիչ Գոռ Վարդանյանը, ով հայտնեց, որ Պոլիտեխնիկում վարձավճարները մոտ քսան տոկոսով են թանկացել: «Մենք ունենք դասախոսական անձնակազմի երիտասարդացման և լաբորատորիաների տեխնիկական վերազինման հարցերը»,- բուհում առկա ամենակարևոր խնդիրներն առանձնացրեց նա և հավելեց, որ դեմ է, վարձավճարների թանկացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները