ԱՄՆ Պետքարտուղարի օգնական. ԱՄՆ և ԵՄ շարունակելու են զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ
Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Մաքսային միության հետ մերձեցման գործընթացը Հայաստանը սկսել է «հաշվի առնելով աշխարհագրական, քաղաքական ընտրության, տնտեսական եւ պատմական տարբեր պատճառներ, որոնք երկար ժամանակ տնտեսական եւ անվտանգային հարթություններում Հայաստանին կապակցված են պահում Ռուսաստանի հետ»։
Ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի Եվրոպայի հարցերով ենթակոմիտեի՝ ԵՄ Վիլնյուսի գագաթաժողովին նվիրված նիստում Նուլանդը ասել է, որ, խոսելով Հայաստանի կառավարության հետ, Միացյալ Նահանգները եկել են այն եզրակացության, որ կայացված որոշումը «շատ դժվարին է եղել Հայաստանի համար», հաշվի առնելով, որ երկիրը Ռուսաստանի հետ շատ առումներով մնում է շաղկապված։
Պատասխանելով Քոնեկտիկուտ նահանգը ներկայացնող սենատոր Քրիս Մըրֆիի այն հարցին, թե արդյոք Հայաստանի՝ շատերի համար «անակնկալ» որոշումից հետո, Միացյալ Նահանգները եւ Եվրոպական Միությունը «հրաժարվելու են Հայաստանից», Նուլանդը ասել է, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրերը որեւէ կերպ չեն սահմանափակում այն ստորագրող երկրների հարաբերությունները երրորդ կողմի հետ, բայց Մաքսային միության կանոններն են դնում այդ սահմանափակող պայմանները։
«Հայաստանցիները դժվարին որոշում պետք է կայացնեին, եւ նրանք կայացրեցին իրենց որոշումը։ Դա որեւէ կերպ չի փոխում այն փաստը, որ ԵՄ եւ ԱՄՆ շարունակելու են կառուցել տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները Հայաստանի հետ։ Մենք կարծում ենք, դեռ շատ բաներ կան, որ մենք կարող ենք անել միասին։ Բայց [Հայաստանը] Մաքսային միության պայմանների պատճառով չի կարողանա ստանալ այն առավելությունները, որ ենթադրվում էր Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո»։