«Ազադլիգ». Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանի ընտրությունները կեղծված են անվանել
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ստորագրահավաքի արշավ է սկսել Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները կեղծված լինելու մասին որոշում ընդունելու նպատակով: Խորհրդարանի 13 պատգամավորներ արդեն միացել են այդ արշավին, հայտնում է «Ազադլիգ» թերթը:
Արշավը նախաձեռնել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի իշխող Պահպանողական և ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունների երկու պատգամավորներ: Քննարկումների ժամանակ պատգամավորները հայտարարել են, որ ապշած են Ադրբեջանում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բացահայտ կեղծարարություններով, այդ թվում նաև ընտրության արդյունքները քվեարկությունը սկսվելուց առաջ հրապարակելու փաստով:
Խորհրդարականները հայտարարել են, որ աջակցում են ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տված գնահատականին և ողջունում են այդ կառույցի սկզբունքային դիրքորոշումը: Բրիտանացի պատգամավորները ուշադրության են հրավիրել ԵԱՀԿ դիտորդների գրանցած խախտումների վրա: Նշվել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ևս հայտարարել է, որ Ադրբեջանում անցկացված ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:
Միևնույն ժամանակ, բրիտանացի խորհրդարանականները հայտնել են, որ զարմացած են ընտրություններին ԵԽԽՎ դիտորդների տված գնահատականից: «Զարմանալի է, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն այդ ընտրությունների հետ կապված որևէ խախտում չի նշել: Դա հարված է Եվրոպայի Խորհրդի համբավին, որը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություն»,- նշել են բրիտանացի խորհրդարանականները: