Պարարվեստի քոլեջի տնօրենը աշխատանքից ազատվել է երկու պատճառով. Մանրամասնում է մշակույթի նախարարը
Պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանը աշխատանքից ազատվել է երկու պատճառով: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ներկայացրեց դրանք: «Արմեն Գրիգորյանի՝ աշխատանքից հեռացնելը կատարվել է երկու պատճառով՝ նա ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել և եղել են նաև ֆինանսական որոշ թերացումներ, որոնց մասին ահազանգել ենք», -ներկայացրեց նախարար Պողոսյանը:
-Ի՞նչ թերացումների մասին է խոսքը, տիկին Պողոսյան, ֆինանսական չարաշահումնե՞ր է թույլ տվել նախկին տնօրենը:
-Դրանք չարաշահումներ չեն, դրանք սխալ ֆինանսական գործընթացների վարումն է, որի վերաբերյալ տնօրենները պետք է շատ աչալուրջ լինեն: Այդ երկու հանգամանքների գումարը ի վերջո բերեց այդ որոշմանը՝ հաշվի առնելով, որ մենք գործ ունենք պարարվեստի եզակի դպրոցի հետ, քանի որ խորեոգրաֆիկ երկրորդ կրթական հաստատություն չունենք: Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք խնդիրներ կուտակվել էին ու լուծում չէին ստանում և ի վերջո, մարդիկ պաշտոնի մի օր գալիս են, մի օր էլ գնում են: Արմեն Գրիգորյանին ես էի հրավիրել այդ աշխատանքի, ես եմ իրեն ընդունել, բայց երևի թե հիմա ավելի նպատակահարմար է, որ նա զբաղվի ավելի շատ մանկավարժական աշխատանքով կամ մեկ այլ գործով:
-Տիկին Պողոսյան, նաև լուր տարածվեց, որ Պարարվեստի քոլեջի տնօրենը սաներից մեկին է ծեծել, որի համար ծնողները բողոքել էին նախարարությանը: Դրանից հետո փոխնախարարը տեղեկացրեց, որ ծառայողական քննություն է նշանակվել:
-Այո, մենք ծառայողական քննություն ենք անցկացրել, և հանձնաժողովը եզրակացություն է գրել այդ մասին: Ես կարող է մի բառ կամ նախադասություն սխալ ասեմ, բայց ընդհանուր առմամբ, գիտեք ինչ է եղել՝ երեխա է, անկարգություն է արել, մեծը միջամտել է: Կարծում եմ այնպիսի իրավիճակ է, որ մեր կրթական հաստատություններում՝ դպրոցներում, շատ հաճախ է լինում, բայց միշտ չէ, որ այդպիսի զարգացում են իրենք ունենում: Ամեն պարագայում երեխան չպետք է իրեն անկարգ պահի, և մանկավարժը իրավունք չունի իրեն ավելորդ բաներ թույլ տալ: Հենց դա է եղել հանձնաժողովի եզրակացությունը, որ երկուսն էլ ոչ պատշաճ հասարակական վարք են դրսևորել, ինչի համար կլինեն համապատասխան վարչական մոտեցումներ՝ և աշակերտի նկատմամբ, և մանկավարժի: Բայց նա դպրոցից չի ազատվի: Իրեք կնախազգուշացվեն:
-Այսինքն՝ տնօրենը որևէ կապ չի՞ ունեցել միջադեպի հետ:
-Տնօրենի մասով այդ բողոքը, որ ներկայացրել են աշակերտի բարեկամները, դա արդեն մեր վարույթից դուրս գործընթաց է, այսինքն, իրենց բողոքի մասով իրավապահ մարմինները զբաղվում են, թող դա լինի իրավապահ մարմինների եզրակացությունը արդեն:
-Դուք ասացիք, որ Արմեն Գրիգորյանը ֆինանսական խախտումներ է թույլ տվել, նրան քրեական պատիժ չի՞ հասնում, նախարարությունը սահմանափակվում է միայն նրան աշխատանքից ազատելո՞վ:
-Դրանք այնպիսի խախտումներ չեն, որոնց համար հատուկ պատիժ պետք է սահմանել: Դա մի բան է, որ տնօրենը չպետք է անի, այսքան մի բան: Չպետք է խախտումներ թույլ տա: Ինչ-որ կոնկրետ հետևանք չկա, ուղղակի դա հիմքում է դրված այն հրամանի, որով նա ազատվել է աշխատանքից:
-Արմեն Գրիգորյանը մի քանի անգամ հայտնվել է վիճաբանությունների առանցքում...
-Դե գիտեք ինչ կա, աշխատանք է. շատ անգամ շտկում էր, շատ անգամ իր հետ խնդիրները լուծում ես: Այսօր չենք կարող ասել, թե հարուստ ենք կադրերով, և մյուս կողմից մենք շահագրգռված ենք որ մեր ղեկավարները լավը լինեն, և մենք իրենց հետ շատ անգամ զուգահեռ աշխատում ենք, որպեսզի կարողանան զարգանալ ու լիարժեք ղեկավարներ դառնան: Ես կարծում եմ, որ այս պարագայում նրա ազատման մասին որոշումը արդեն հասունացել էր: Դուք գիտեք՝ մեր համակարգում այդպիսի ակտիվ կադրերի շարժումներ, հոսք չկա, որովհետև շատ սպեցիֆիկ ոլորտ է և այդ ոլորտի ղեկավար գտնելը այդքան էլ դյուրին գործ չէ: Բայց այնուամենայնիվ, կազմակերպությունը պետք է ենթարկվի բոլոր կանոններին, պետք է կանոնակարգի իր ներքին բոլոր պարամետրերով: Եվ այսօր, ես կարծում եմ այդտեղ խնդիրներ կային, այլապես այդ հրամանը չէի տա:
-Քոլեջի տնօրենի պաշտոնում թեկնածուներ կա՞ն:
-Ոչ, իհարկե: Այդ տեղը մրցույթային տեղ է, մենք մրցույթ կհայտարարենք և մրցույթի պահանջներին ով համապատասխանեց, նա էլ կլինի տնօրենը: Այժմ տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարում է տեղակալը: Հասկանում եք՝ սպեցիֆիկ դպրոց է, մասնագիտական պահանջները պետք է բավարարեն:
Նախորդող հրապարակումներ.
Պարարվեստի քոլեջի տնօրենը հեռացվել է աշխատանքից
Արդյո՞ք Պարարվեստի քոլեջի տնօրենն ազատվել է աշխատանքից ուսանողին ծեծելու պատճառով. պարզաբանում է մշակույթի փոխնախարարը