ՀՀ նախագահը մրցանակ է հանձնել Ցուգիո Մակիմոտոյին. «Նա հեռատես է այնքան, որ նրա պատկերացումները միշտ էլ առաջ են անցել ժամանակից»
Նախագահի նստավայրում երեկ երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013 թվականի մրցանակի հանձնման արարողությունը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Ի պատիվ մրցանակի արժանացած՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյի և նրա տիկնոջ՝ Կումիկո Մակիմոտոյի, հրավիրված ընդունելությանը Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է մրցանակակրի ընտրման ընթացակարգը, նախորդ տարիներին մրցանակի արժանացածներին, ինչպես նաև ՏՏ ոլորտում Հայաստանի մրցակցային առավելությունները՝ վստահություն հայտնելով, որ տարիներ անց կարձանագրվի, որ այս մրցանակաբաշխության արդյունքում համաշխարհային տեխնոլոգիական գիտակրթական և բիզնես միջավայրի ամենալուսավոր ու հեղինակավոր մարդիկ, դառնալով մրցանակակիր, կգան Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության ճանաչողությունն ու վարկանիշը՝ որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր:
Հայաստանի մրցակցային առավելությունները, Հովիկ Մուսայելյանի խոսքով, սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ, և Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: Իր խոսքում մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահը մեջբերել է նաև 2011թ. ՀՀ նախագահի մրցանակին արժանացած հանրահռչակ Սթիվ Վոզնյակի խոսքերը. «Չկա Նոբելյան մրցանակ ՏՏ ոլորտում, բայց այս մրցանակն ինձ համար հավասար է Նոբելյանին, այն ստանում եմ Հայաստանի Նախագահից և հպարտ եմ դրա համար»:
Հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանն ընդունելության մասնակիցներին համառոտ ներկայացրել է մրցանակի արժանացած Ցուգիո Մակիմոտոյի կենսագրությունը:
Ընդունելությանը մասնակցող Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտում նշանակալի հաջողությունների հասած իր հայրենակցի՝ աշխարհահռչակ Ցուգիո Մակիմոտոյի վաստակը Հայաստանի կողմից գնահատելու և նման բարձր մակարդակով մրցանակի արժանացնելու համար, ինչը, նրա համոզմամբ, վկայում է հայ-ճապոնական դինամիկ զարգացող ամուր բարեկամական հարաբերությունների մասին:
Մրցանակի հանձնման առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
Մրցանակակիր Ցուգիո Մակիմոտոն իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին արժանանալու կապակցությամբ, ներկայացրել իր գործունեությունը և խոսել աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման ժամանակ
«Հարգելի՛ պարոն Մակիմոտո,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Այսօր ես հաճելի պարտականություն եմ կատարել` դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին հանձնել եմ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը: Դոկտոր Մակիմոտոն Ճապոնիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության ամենաակնառու դեմքերից է: Նա հեռատես է այնքան, որ նրա պատկերացումներն ու առաջարկները միշտ էլ առաջ են անցել ժամանակից: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում ականատես ենք եղել մարդկանց և նույնիսկ մասնագետների մոտեցումները հեղափոխող տարաբնույթ ապրանքների և հարթակների ստեղծմանը, ինչպիսիք են Սմարթ քարտերը, Սմարթ հեռախոսները, էլեկտրոնային գրքերը և այլն: Դրանց ակունքներում նաև պարոն Մակիմոտոյի գաղափարներն են:
Այս մրցանակով Հայաստանի ժողովուրդը իր հիացմունքն ու երախտագիտությունն է հայտնում նրանց, ովքեր առաջ են տանում մարդկային քաղաքակրթությունը և իրենք էլ դառնում են ժամանակի յուրօրինակ խորհրդանիշներ: Այս մրցանակով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ոչ միայն պարոն Մակիմոտոյին, այլև նրա հայրենիքին` Ճապոնիային, որտեղ ապրում են խիզախ ու աշխատասեր, իմաստուն ու տաղանդավոր մարդիկ: Մենք վկան եղանք Ճապոնիայում տեղի ունեցած ահավոր երկրաշարժի, և հատկապես այն փաստի, թե ինչպիսի տոկունությամբ է ժողովուրդը կանգնում բնության տարերքի դեմ և ինչպիսի կազմակերպվածությամբ ու համախմբվածությամբ է բուժում իր վերքերը: Բազում երկրաշարժեր տեսած մեր երկրի ու ժողովրդի համար դա իսկական դաս էր:
Ճապոնիայի տնտեսական և տեխնոլոգիական նվաճումները տպավորիչ են և ուսանելի ոչ միայն մեր, այլև աշխարհի համար: Այս մրցանակով մենք նաև ցանկանում ենք մեր երիտասարդների հատուկ ուշադրությունը հրավիրել հաջողված գործերի և հաջողակ մարդկանց վրա: Ցանկանում ենք նրանց տալ ճիշտ ուղենիշներ և օրինակներ: Համոզված ենք, որ երկրի ամենամեծ հարստությունը մարդն է, և Ճապոնիայի օրինակն էլ դրա վառ ապացույցն է:
Հարգարժա՛ն պարոն Մակիմոտո,
Կրկին շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Համոզված եղեք, որ, Ձեր հայտնաբերած «Մակիմոտոյի ալիքը», եթե պատկերավոր արտահայտվենք, կտրել է ծովեր ու օվկիանոսներ և հասել է Հայաստան: Մեր երկրում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամենաարագ զարգացող բնագավառն է, և մենք լուրջ հույսեր ենք կապում այս հեռանկարային ճյուղի հետ: Ձեզ նման մարդկանց շնորհիվ այսօր աշխարհում բոլոր գործընթացները, այդ թվում` և քաղաքական, ձեռք են բերել նոր արագություններ: Այսօրվա երիտասարդները նույնիսկ չգիտեն, թե վաղը ինչ նոր մասնագիտություններ են ի հայտ գալու: Այս պայմաններում մեծանում է առանց բացառության բոլորի պատասխանատվությունը, որը մեզ առաջնորդում է քայլել ժամանակին համընթաց:
Հարգարժա՛ն դոկտոր Մակիմոտո,
Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին առողջություն և ամենայն բարիք, նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործում: Համոզված եղեք, որ այդ հաջողություններով մենք այստեղ ուրախանալու ենք: Շնորհակալ եմ, որ եկել եք Հայաստան: Շնորհակալ եմ նաև Ձեր այն աշխատանքի համար, որ այս 10-12 օրերի ընթացքում Դուք կատարելու եք Հայաստանում:
Շնորհակալություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան