Տ. Վարդապետյան. Վիրահայերին տրված խոստումներն իրականացնելու համար Վրաստանում այլևս որևէ խոչընդոտ չկա (տեսանյութ)
«Վրաստանի նախագահի պաշտոնում Գեորգի Մարգվելաշվիլիի ընտրվելը մեզ համար նախընտրելի էր: Վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանում երկիշխանության մթնոլորտ էր ձևավորված: Այդ մթնոլորտն արդեն վերացել է, և դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ ջավախահայությանն ու ընդհանրապես վիրահայությանը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի տված խոստումների իրականացման համար որևէ խոչընդոտ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Վրաստանում նոր իշխանության ձևավորումից հետո հայ-վրացական հարաբերությունների հեռանկարին, նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
Նա ասաց, որ Վրաստանում նոր նախագահի ընտրվելուց հետո վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հրաժարական է ներկայացնելու, սակայն բանախոսը կարծիք հայտնեց, որ Բ. Իվանիշվիլին դուրս չի գա քաղաքականությունից և անդրկուլիսային դերակատարություն կստանձնի՝ հետևելով իր ղեկավարած թիմի քաղաքականությանը:
Պատգամավորը Հայաստանի ու վիրահայության համար Գեորգի Մարգվելաշվիլիի թեկնածության նախընտրելիությունը պայմանավորեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում «Վրացական երազանք» իշխող ուժի կառուցողական քաղաքականությամբ:
Պատասխանելով հարցին, թե կոնկրետ ի՞նչ խնդիրների լուծում է ակնկալում վիրահայությունը նոր իշխանությունից՝ Տ. Վարդապետյանը թվարկեց երկքաղաքացիության, հայկական դպրոցներում հայերենի դասաժամերի և հայ աշակերտի հայեցի դաստիարակությանը չխոչընդոտելու խնդիրները, ինչպես նաև աբխազական երկաթուղու վերաբացման հարցը, ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը:
«Մոտ կես միլիոնանոց հայկական համայնք ունենք հարևան երկրում, և շատ կարևոր է, որ երկու երկրներով նույն քաղաքական ուղղվածությունն ունենանք: Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումից է կախված շատ խնդիրների լուծումը»,- ասաց նա:
Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե Բիձինա Իվանիշվիլին դրական էր գնահատել և Վրաստանի համար օրինակելի համարել Հայաստանի որդեգրած կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը, արդյո՞ք կան լուրջ նախադրյալներ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով, թե՞, այնուամենայնիվ, Վրաստանը վերջնականապես կգնա եվրոատլանտյան ինտեգրման ուղով, Տ. Վարդապետյանը հույս հայտնեց, որ Վրաստանը նույնպես կորդեգրի կոմպլեմենտար քաղաքականություն:
«Հարավային Կովկասը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է հեռատեսություն դրսևորի, և դա բխում է Հայաստանի շահերից: Ես նշեցի աբխազական երկաթուղու վերագործարկման կարևորությունը, ինչի դեպքում մենք դուրս ենք գալիս շրջափակումից: Միտումները կան, կարծես թե հարաբերություններում կարգավորման հեռանկար է ուրվագծվում: Ռուսաստանի արտգործնախարարությունը ևս շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին, ինչը վկայում է, որ Ռուսաստանում նույնպես համապատասխան վերաբերմունք կա»,- եզրափակեց Տաճատ Վարդապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան