«Էներգետիկը հո՞ չի գնա պեռաշկի ծախի». Ինչպես են աշխատանքից հեռացնում ՀԷՑ-ում
Panorama.am-ն արդեն տեղեկացրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մոտ այսօր առավոտից բողոքի ակցիա են անցկացնում մի շարք աշխատակիցներ, որոնց պնդմամբ, իրենց ազատել են աշխատանքից:
Panorama.am-ը զրուցեց ընկերության Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտի ղեկավար Ռաֆիկ Ասկարյանի հետ, ում ևս զգուշացրել են, որ նա շատ շուտով այլևս չի աշխատելու ՀԷՑ-ում. «Ուրբաթ օրը ինձ «անակնկալ» մատուցեցին` ասացին, որ կառուցվածքային փոփոխություններ են անում ու բոլորս պետք է ստորագրենք մի փաստաթուղթ, որ երկու ամիս հետո հեռանում ենք աշխատանքից: Հիմա չեն ասում կրճատում ենք, ասում են` փոփոխություններ ենք անում»,- ասաց պարոն Ասկարյանն ու տեղեկացրեց, որ «բոլորս» ասվածի տակ նկատի ունի դեպարտամենտի 41աշխատակցի, որոնք ամենաբարձրագույն որակի մասնագետներ են, ամենաքիչը աշխատել են ընկերությունում 10 տարի, ունեն տարբեր աստիճանի և տեսակի պարգևներ. «Ասացին, որ պետք է ստորագրենք այդ փաստաթղթերը և երկու ամիս հետո հեռանանք»,- նշեց նա:
Ա.Ասկարյանը տեղեկացրեց նաև, որ այս պահին դադարեցրել են բողոքի ակցիան, քանի որ Մոսկվայից լուր ունեն, որտեղ այս պահին գտնվում է «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը. կառուցվածքային փոփոխությունների պրոեկտը Մոսկվայում չեն հաստատել: Ասաց` պրոեկտը չի հաստատվել, բայց իրենց արդեն զգուշացրել են, որ պետք է դիմումները գրեն, բա դա անօրինականություն չի՞: Բողոքող աշխատակիցներին էլ խնդրել են սպասել երեք օր, մինչ տնօրենը կվերադառնա ու հարցը կքննարկվի. «Եթե երեք օրից որևէ դրական փոփոխություն չլինի, և հարցը մնա նույնը, կշարունակենք… Ուղղակի ես զարմանում եմ` նեուժելի՞ Բիբինը մեր հանրապետությունում, հայ-ռուսական այս հարաբերությունների մեջ սեպ է խրելու»,- ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Եթե այդուհանդերձ ամեն ինչ ավարտվի ոչ իրենց օգտին, Ա.Ասկարյանը հույսը դնում է պայքարի վրա, որովհետև իրենց այլ բան չի մնում` միայն պայքարել. «Դե հիմա ինչ անե՞նք: Հույսը ո՞րն է. էներգետիկը հո չի գնա պեռաշկի ծախի, ինքը չի կարա ժեշտ սարքի, պեռաշկի ծախի, ուրիշ բան անի, ինքը էներգետիկա: Ինչ պետք է անեն, երբ ընտանիքով հանում են փողոց շպրտում»,- հավելեց նա:
Նշենք, որ բողոքի ակցիայի ժամանակ հնչել է Եվգենի Բիբինի հրաժարականի պահանջը:
Նախորդիվ`
«Բիբին, հեռացիր». ՀԷՑ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում