Բողոքի ակցիա. Գորիսի աղմկահարույց գործը գլխավոր դատախազության խոշորացույցի տակ (տեսանյութ)
Այսօր Հայաստանի Վերաքննիչ քրեական գործերով դատարանում հետաձգվեց ամբաստանյալներ Խաչիկ Հակոբյանի և Արա Դիլանյանի գործով բողոքի քննությունը` Արա Դիլանյանի բացակայության պատճառաբանությամբ:
Հիշեցնենք` ըստ Սյունիքի մարզի դատախազության մեղադրանքի 2012-ի հոկտեմբերի 2-ին Խաչիկն ու Արան ապօրինի մուտք են գործել Գեորգի Հայրապետյանի` Գորիսում գտնվող առանձնատուն Գեորգի Հայրապետյանի և նրա որդու` Սպարտակ Հայրապետյանի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` նրանց մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, Գեորգի Հայրապետյանի գրպանից բացահայտ հափշտակել են 45.700 ՀՀ դրամ, իսկ Սպարտակ Հայրապետյանից` 181.000 ՀՀ դրամ: Սեպտեմբերին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վճռով Դիլանյանն ու Հակոբյանը դատապարտվել էին 4 տարի ազատազրկման:
Նրանց փաստաբան Ինեսա Պետրոսյանը բողոքարկել էր առաջին ատյանի վճիռը` Վերաքննիչ դատարանից պահանջելով արդարացնել իր պաշտպանյալներին: Դատարանի մեղադրական վճիռը շատ ծանր էր ընդունել Արա Դիլանյանը և դիմել էր ինքնավնասման, ինչի հետևանքով այժմ հենաշարժողական խնդիրներ ունի ու այդ պատճառով էլ չէր կարողացել ներկայանալ դատարան: Վերաքննիչ դատարանը նիստը հետաձգեց մինչև դեկտեմբերի 9-ը: Նշենք, որ սա այն գործերից է, որի մեղադրանքի հիմքում ապացույցներ չկան, վկայություններ չկան, իսկ մեղադրանքը հիմնված է գործով տուժող և մտավոր թերզարգացած Սպարտակ Հայրապետյանի խիստ հակասական ցուցմունքների հիման վրա:
Մեղադրանքը և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, և Վերաքննիչ դատարանում պաշտպանում է Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկ Պետրոսյանը, որը ինչպես մեր նախորդ հրապարակման մեջ էինք տեղեկացրել, շանտաժի էր ենթարկել փաստաբան Ինեսա Պետրոսյանին:
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Հայկ Պետրոսյանից փորձեցինք հետաքրքրվել, թե հնարավո՞ր է Սյունիքի մարզի դատախազությունը հետ կանչի մեղադրանքը, Պետրոսյանն ի պատասխան ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել: Մյուս հարցին, թե ինչ է կարծում Պետրոսյանը, մեղադրանքը հիմնավորվա՞ծ է, դատախազը պատասխանեց կարճ` «Միանշանակ»:
Ասաց նաև, որ նման պնդում անում է նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա: Մեր դիտարկմանը, թե տուժող Սպարտակ Հայրապետյանը թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում հակասական ցուցմունքներ է տվել, ասաց` «Հակասական ցուցմունքներ տվել է պաշտպանական կողմի ճնշման ներքո»:
Նա նաև հավելեց, որ հակված է մինչև վերջ պաշտպանել այդ մեղադրանքը:
Մինչև այսօրվա դատական նիստը, նոյեմբերի 16-ին, Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հետ փաստաբան Ինեսա Պետրոսյանը այս գործի շրջանակներում հանդիպում է ունեցել: Հանդիպմանը ներկա է եղել նաև դատախազ Հայկ Պետրոսյանը: «Մեր քննարկումներից պարզ դարձավ, որ հատկապես Խաչիկ Հակոբյանի մեղքը ամբողջությամբ հերքված է, ոչ մի ապացույց չկա: Արա Դիլանյանի մասով իրենք ասում էին, թե վիճալի է, բայց ես գտնում եմ, որ իմ երկու պաշտպանյալներին մեղսագրված արարքը ամբողջությամբ անհիմն է: Նրանք որևէ առնչություն չունեն այդ դեպքին, եթե ընդհանրապես այդ դեպքը տեղի ունեցել է», -այսօր ասաց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Եվ հարազատների, և փաստաբանի համար անակնկալ էր, որ դատախազ Հայկ Պետրոսյանը Վերաքննիչ դատարանում ևս պաշտպանելու է մեղադրանքը, քանի որ Ինեսա Պետրոսյանը մինչ այդ բացարկ էր հայտնել դատախազին: Վերաքննիչ դատարանում նիստը հետաձգվելուց հետո Խաչիկ Հակոբյանի հարազատները բողոքի փոքր ակցիա իրականացրին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց` բողոքելով մարզի դատախազի տեղակալ Հայկ Պետրոսյանի գործողությունների դեմ և պահանջելով արդարացնել Խաչիկ Հակոբյանին ու Արա Դիլանյանին:
Դրսում երկար կանգնելուց հետո Գլխավոր դատախազությունից ընդունել են Խաչիկ Հակոբյանի կնոջը և վստահեցրել, որ մինչև հաջորդ դատական նիստը Գլխավոր դատախազությունում կուսումնասիրեն քրեական գործը, առաջադրված մեղադրանքը: «Ասացին հանգիստ գնացեք տուն, մենք կքննենք: Ասացին, որ դատախազի (նկատի ունի Հայկ Պետրոսյանին- հեղ.) հարցն էլ կքննարկեն», -Panorama.am-ին տեղեկացրեց Խաչիկ Հակոբյանի կինը` Նառա Հակոբյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Խաչիկ Հակոբյանը և Արա Դիլանյանը Երևանի Պետական համալսարանի շրջանավարտներ, նախկին մանկավարժներ և դեռ ուսանող տարիներից մտերիմ ընկերներ: Խաչիկ Հակոբյանը Արագածոտնի մարզի Մաստարա գյուղից է, իսկ Արա Դիլանյանը` Գորիսից:
Նախորդող հրապարակումներ.
Բողոքի ակցիա գլխավոր դատախազության շենքի դիմաց` ընդդեմ դատախազ Պետրոսյանի (Տեսանյութ)
Դատախազի շանտաժը փաստաբանին. դատախազ Հայկ Պետրոսյանի կամայականությունները Սյունիքի մարզում (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները