Իրան-Հայաստան սահմանում տրանսպորտային ենթակառուցվածքները կընդլայնվեն
«Իրանի և Հայաստանի ատևտրատնտեսական կապերի զարգացման գործում Նորդուզ սահմանային շրջանը կարևոր դեր է կատարում»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է «Արաս ազատ տնտեսական գոտի» կազմակերպության գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին:
Իրանցի պաշտոնյան Նորդուզ սահմանային շրջան կատարած այցի ընթացքում, կարևորելով այդ տարածաշրջանի դերն Իրանի և Հայաստանի ատևտրատնտեսական կապերի զարգացման գործում, մասնավորապես նշել է. «Նորդուզն Իրանը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է. այն «Արաս ազատ առևտրի գոտում արտադրված, ինչպես նաև Իրանի ներքին ապրանքները Հայաստան արտահանելու գործում կարող է առանձնահատուկ դեր ունենալ: Հետևաբար, այդ ոլորտում իրականացվող աշխատանքներն առավել աշխուժացնելու նպատակով պետք է հարմար պահեստներ և տրանսպորտային ենթակառուցվածքներ հիմնել»:
Հիշեցնենք, որ Թեհրանի առևտրարդյունաբերական և Իրան-Հայաստան առևտրական պալատները Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ ս.թ. հուլիսի 16-ին Երևանում կազմակերպել էին Հայաստան-Իրան գործարար համաժողով, որին մասնակցեցին ավելի քան 60 իրանական ընկերություններ:
Հավելենք, որ վերջերս իրանագետ Ա. Իսրայելյանը Panorama.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, մասնավորապես նշել էր. «Ներկայում Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները կազմում են շուրջ 350 միլիոն դոլար: Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրներն իրականացրել են մի շարք խոշոր տնտեսական նախագծեր: Դրանցից ամենակարևորը, թերևս, Իրան-Հայաստան գազատարի կառուցումն էր: Հայաստանն Իրանից ներմուծում է գազ, փոխարենը` Իրան է արտահանում էլեկտրաէներգիա: Երրորդ էլեկտրահաղորդման գծի շահագործումը ևս հնարավորություն կընձեռի առավել մեծ ծավալների էլեկտրաէներգիա արտահանել Իրան: 2012թ. տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը: Ներկայում երկու երկրների կառավարությունների աշխատանքային օրակարգում են «Հայաստան-Իրան» երկաթուղու, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի, նավթամուղի կառուցման նախագծերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում