«Թաբնաք». Բաքվի բանտի աշխատակիցները խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով ծխախոտով այրել են իրանցու մարմինը
«Ադրբեջանը, խախտելով միջազգային նորմերը, Իրանի դեսպանությանը ձերբակալված իրանցու հետ հանդիպելու հնարավորություն չի տվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ վերջերս Բաքվում Իսրայելի դեսպանության կողքով անցնելու համար Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Իրանի քաղաքացի Հասան Ֆարաջին:
Իրանական աղբյուրը նշում է, որ ձերբակալված իրանցու մտերիմներից մեկը հաղորդել է, որ Բաքվի «Բինե Ղադի» բանտի աշխատակիցները հօգուտ իրենց խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով վայրենաբար ծխախոտով այրել են անմեղ իրանցու մարմինը՝ նրան ենթարկելով դաժան տանջանքների:
«Ադրբեջանում Իրանի դեսպանությունը վերջերս ցանկություն էր հայտնել հանդիպել ձերբակալված քաղաքացուն, սակայն, ադրբեջական կողմը, խախտելով միջազգային նորմերը, դեռևս հանդիպում կազմակերպելու համաձայնություն չի տվել»,-հավելում է «թաբնաքի» մեկնաբանը:
Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի կարևորագույն գործերով դատարանը ԻԻՀ քաղաքացի Բահրամ Ֆեյզիին Իսրայելի դեսպանության վրա հարձակման փորձ և Իրանի համար լրտեսություն կատարելու մեղադրանքով դատապարտել է 15 տարվա ազատազրկման:
Ադրբեջանում Իրանի դեսպանությունը վերոնշյալ փաստի առնչությամբ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում էր. «Վերջին շրջանում առանց փաստեր ներկայացնելու Իրանի նկատմամբ լրտեսություն կատարելու մեղադրանքով կամ Իրանի կամ Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվում. Ադրբեջանում նմանատիպ գործերը քննվում են դռնփակ: Հայտարարում ենք, որ Իրանի քաղաքականության հիմնական սկզբունքը Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելն է, հույս ունենք, որ վերաքննիչ դատարանը չեղյալ կհայտարարի այդ որոշումը»: