Մինչև փետրվար Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել ՄՄ-ին միանալու պայմանագիրը. Շավարշ Քոչարյան
«Կարծում եմ, որ մինչև փետրվար Հայաստանը գործնականում պատրաստ կլինի ստորագրելու Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն, ինչպես նաև ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը անմիջական ներգրավվածության վերաբերյալ պայմանագիրը»,- հայտարարել է Շավարշ Քոչարյանը: Այս մասին ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալը տեղեկացրել է նախօրեին Երևանում կայացած Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի` ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հանդիպման ընթացքում:
Շ. Քոչարյանի խոսքերով` դեկտեմբերի 19-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը կհաստատի ՄՄ-ին Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը», որը մշակում է ձևավորված հատուկ աշխատանքային խումբը:
Դեռ շատ անելիքներ կան իրավական բազայի համապատասխանեցման մասով և հայկական կողմը խնդրում է «իր գործընկերներին աշխատել արագացված տեմպով, որպեսզի մինչև մայիս Հայաստանը դառնա ՄՄ և Միասնական տնտեսական գոտու անդամ և կարողանա լիարժեք մասնակցել հետագա գործընթացներին», - ասել է նախարարի տեղակալը:
Շ. Քոչարյանի խոսքերով` ստորագրելով ՄՄ մտնելու պայմանագիրը, Հայաստանը կմիանա շուրջ 90 պայմանագրերի: