Տավուշի մարզպետարանից Սիմոնյաններին 3 ամիս է տանում-բերում են
Սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում հրդեհվել էր Ատոմ Սիմոնյանի տունը, ինչի հետևանքով Սիմոնյանների ընտանիքը, բառացիորեն, հայտնվել էր փողոցում: Ներկայումս ընտանիքը բնակվում է ազգականի տանը, սակայն առաջիկայում ազգականները վերադառնալու են, ինչը նշանակում է, որ ձմռան շեմին ընտանիքը կրկին դրսում հայտնվելու վտանգի տակ է:
Panorama.am-ի հետ զրույցում Սմբատ սարկավագ Խանվելյանը, ով առաջին օրվանից ընտանիքի կողքին է եղել և հրապարակել է հաշվեհամարները, որոնց փոխանցումներ կատարելով հնարավոր է օգնել Սիմոնյաններին ասաց, որ, ցավոք սրտի, օգնություն ոչ մի կողմից ընտանիքին չի տրամադրվել.
«Առայժմ ոչ մի օգնություն չի տրամադրվել: Գյուղապետարանից ոչ մի հույս չունեն, Տավուշի մարզպետարանում էլ ասել էին, որ հոկտեմբերի 14-ին գան, հետո ասացին եկեք նոյեմբերի 14-ին, հիմա էլ դեկտեմբերի 14-ին են կանչել… հույս չկա»,- տեղեկացրեց Սմբատ սարկավագը: Նրա խոսքով, տունը, որտեղ այսօր բնակվում է Սիմոնյանների ընտանիքը, ևս վատ վիճակում է և պայմանները, մեղմ ասած, անմխիթար` հողի հատակ, քարե պատեր: Բայց դա, իհարկե, այնքան էլ սարսափելի չէ, քան այն, որ հնարավոր է մեկ ամսից դա էլ չլինի անչափահաս երեխաների համար:
«Ամուսինը մշտական աշխատանք չունի` անտառի գործ է անում, այգիներ մշակում, կինն էլ չի աշխատում: Օգնող էլ չունեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ փորձեցինք կապ հաստատել նաև Տավուշի մարզպետարանի հետ, սակայն այդպես էլ չստացվեց: Գուցե գրավոր հարցումն ավելի արդյունավետ լինի...
Սիմոնյանների ընտանիքին օգնելու համար բացվել են հաշվեհամարներ, կարող եք զանգել նաև (077) 818 743 Սմբատ սարկավագին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները