Արծվիկ Մինասյան. Ինձ համար կասկածելի է, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը
«Հայաստանն այնպիսի կողմնորոշում պետք է ունենա, որի շրջանակներում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորված լինի: Եթե Մաքսային միությունն է՝ այստեղ ենք, եթե եվրոպական ասոցացումն է՝ այնտեղ ենք: Գլխավոր խնդիրն է՝ դուրս գանք մեր լինելիության սկզբունքից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, «իր համար կասկածելի է, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը, քանի որ կան բազմաթիվ պայմաններ, որոնք կարող են Հայաստանի ու ԼՂՀ-ի համար ընդունելի չլինեն: Ըստ նրա, նույնը կարելի է ասել նաև Ասոցացման համաձայնագրի մասին»:
«Եվրոպան մեզ մեղադրում է, թե երեք-չորս տարի բանակցելուց հետո հրաժարվում եք պայմանագիր ստորագրել: Բայց ո՞ւմ հետ էր բանակցում՝ հայ ժողովրդի, հայության: Բանակցում էր իշխանությունների հետ, իսկ հանրությունը որևէ տեղեկություն չուներ, թե ի վերջո այդ համաձայնագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինչ է դիտարկվում՝ Հայաստանի տնտեսական տարա՞ծք, Ադրբեջանի տարա՞ծք, թե՞ անկախ պետություն»,- ասաց նա: