Դատարանը կորոշի` վերսկսե՞լ Խաչիկյանի գործով քննությունը, թե՞ ոչ
Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, դատավորի մասնակցությունը դատական քննությանն անհնար լինելու դեպքում նա փոխարինվում է այլ դատավորով, իսկ գործի քննությունը վերսկսվում է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը` պատասխանելով հարցին, թե եթե դատավորը տեղափոխվում է, ապա նրա վարույթում գտնվող գործերը արդյոք նորովի՞ են քննվում:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Արդարադատության խորհուրդը քննարկել է մի քանի դատավորների տեղափոխություն կատարելու մասին հարցը և այն ներկայացրել ՀՀ նախագահին: Մասնավորապես, ԱԽ-ն առաջարկել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի լիազորությունները դադարեցնել և նրա թեկնածությունը ներկայացնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Իսկ Մխիթար Պապոյանի վարույթում այս պահին, հիշեցնենք` քննվում է սոցիալական ոլորտում խոշոր չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց «Խաչիկյանի գործը»: Նշենք, որ այս գործով դատական նիստը մեկնարկել է այս տարվա մարտին, դատաքննության ընթացքում հարցաքննվել են տասնյակից ավել վկաներ:
Մեր հարցին, թե արդյոք դատավորի տեղափոխությունը նշանակո՞ւմ է, որ գործը կքննվի նորովի, Արսեն Բաբայանը պատասխանեց, որ այդ հարցը ավելի ուշ կորոշի դատարանը:
Նախորդող հրապարակում.
Դատավոր Մխիթար Պապոյանը Երևանից կտեղափոխվի Կոտայքի մարզ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում