Նախագահները պայմանավորվել են շարունակել հանդիպումները (տեսանյութ)
Վիեննայում այսօր կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի փոխանցմամաբ, դրանում մասնավորապես, ասված է.
«Համանախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո:
Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:
Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-ից 6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա վերջ»:
Նշենք, որ երկու նախագահները արարողակարգային տեսանկարահանումից հետո առանձնազրույց են ունեցել, որի ավարտից հետո նրանց միացել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու երկու երկրների արտաքին գործերի նախարարները:
Նախորդիվ`
Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպումն ավարտվել է. համանախագահները հանդես կգան հայտարարությամբ
Սերժ Սարգսյանն Իլհամ Ալիևի հետ բանակցությունները նորմալ է գնահատել (Տեսանյութ)