Հանդիպման ինտրիգը. «Կազան-2», թե՞ պրոցես նոր էջից
Այսօր Վիեննայում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման շրջանից ի վեր, բանակցային գործընթացի շրջանակներում 17 հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Այդ հանդիպումներից 9-ը, կայացել է եռակողմ՝ Սարգսյան-Մեդվեդև-Ալիև, 8-ը՝ երկկողմ ձևաչափով:
Փաստերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախագահի մակարդակով հանդիպումների ամենաակտիվ փուլը 2009 թվականն է եղել, երբ նախագահները 3 եռակողմ և 6-ը երկկողմ հանդիպումներ են ունեցել: 2008 թվականին նախագահները հանդիպել են 2 անգամ՝ մեկ եռակողմ և մեկ երկկողմ մակարդակով, 2010 թվականին՝ 3 եռակողմ, 2011 թվականին՝ մեկ եռակողմ և մեկ երկկողմ ու 2012 թվականին մեկ եռակողմ հանդիպման շրջանակներում: Նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 23-ին՝ Սոչիում, որ ՌԴ այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ վերջին հանդիպումն էր, քանի որ վերջինս ավարտում էր իր պաշտոնավարման ժամկետը:
Հանգրվանային առումով, առավել կարևորվում է 2011 թվականի հունիսի 24-ին Կազանում կայացած հանդիպումը, երբ տպավորություն կար, թե կողմերը «Հիմնարար սկզբունքների» փաստաթղթի շուրջ համաձայնություն են ձեռք բերվել և հնարավորություն կար Կազանում ստորագրել փաստաթուղթը: Սակայն Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել փաստաթուղթն այդ տեսքով՝ հանդես գալով 10 նոր առաջարկություններով:
2012 թվականի հունվարի 23-ին, Սոչիում կայացած հանդիպումից առ այսօր, նախագահների մակարդակով հանդիպում տեղի չի ունեցել, սակայն հանդիպումները շարունակվել են ԱԳ նախարարների մակարդակով:
Կարգավորման հիմքը կազմող միջազգային իրավունքի սկզբունքներն ու հանգուցալուծման որոշ տարրեր արտացոլված էին 2010 թ. Մուսկոկայում` նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի հայտարարությունում:
Կազանյան հանդիպումից հետո հատկապես կարևոր էր 2013 թվականի հուլիսի 18-ին, Հյուսիսիռլանդական Էնիսկիլենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների ընդունած ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որտեղ նշվում էր, թե «նախկինի պես համոզված ենք, որ վերջին չորս տարիներին մեր երկրների ընդունած հայտարարություններում ընդգրկված դրույթները պետք է արդար և հաստատուն հիմք հանդիսանան ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այդ դրույթներն անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջականություն, քանի որ ցանկացած փորձ նախապատվությունը տալ դրանցից մեկին, անտեսելով մնացածը, կբացառի հավասարակշռված լուծում գտնելու հնարավորությունը»: Այսինքն՝ համանախագահները Էնիսկիլենում ընդունած հայտարարությամբ նշում են, որ հիմնարար սկզբունքներն ու տարրերն օրակարգում են և դրանք մեկ ամբողջություն են, այսինքն՝ օրակարգի փոփոխություն այս մասով չի նախատեսվում:
Չնայած այն հանգամանքին, որ համանախագահները հայտարարել են, թե Վիեննայում կայանալիք հանդիպման ժամանակ բանակցություններն ընթանալու են այն նույն փաստաթղթի շուրջ, որը բանակցությունների սեղանին է գտնվել Կազանում, այդուհանդերձ պետք է նշել, որ ընդհանուր մթնոլորտի ու կողմերի միջև վստահության առումով իրավիճակն այլ է: Նախ, Կազանի հանդիպումից ավելի ուշ, 2012 թվականի օգոստոսի 31-ին, Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ, հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձեց Ադրբեջանին, ինչից հետո Իլհամ Ալիևը վերջինիս «ներում շնորհեց» և հերոսի կոչում տվեց:
Հատկապես կազանյան հանդիպումից հետո, ադրբեջանական կողմից հնչող հռետորաբանությունը առավել կոշտացավ, ինչը համեմված էր թշնամանքի, հայատյացության դրույթներով, ավելի ուշ, Ադրբեջանում իր բոլոր կոչումներից ու մրցանակներից զրկեցին ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին, ում հեղինակած «Քարե երազներ» գրքում, նա ականատեսների վկայությամբ վերարտադրում էր Ադրբեջանի ԽՍՀ տարածքում հայաբնակ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների կողմից 1919թ-ին, ինչպես նաև 1988-90 թթ-ին իրականացված վայրագությունները:
Մեկ կարևոր հանգամանք ևս. համանախագահները, «Հիմնարար սկզբունքների» փաստաթղթին զուգահեռ, հանդես եկան վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված առաջարկներով: Միջնորդները նախ առաջարկում էին կողմերին դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, երկրորդ, շփման գծում հետաքննության անցկացման մեխանիզմ ներդնել, ինչը հնարավորություն կտար էականորեն նվազեցնել սահմանագծում տիրող լարվածությունը՝ կտրուկ նվազեցնելով նաև երկուստեք կորուստների թիվը: Հայաստանը կողմ արտահայտվեց այդ առաջարկին, իսկ Ադրբեջանը մերժեց:
Վիեննայում կայանալիք հանդիպման կարևորությունն ու սպասումները հիմնականում դրսևորվում են երեք պատճառով: Առաջին, երկու երկրներում ընտրական ցիկլն ավարտվել է, ինչը հնարավորություն է տալիս երկու նախագահներին՝ կենտրոնանալու բանակցությունների վրա: Երկրորդ, բավականին երկար ժամանակ հանդիպում չի կայացել և բանակցությունների շարունակելիության առումով հանդիպման կազմակերպումը կարևոր է: Երրորդ, այս հանդիպումից է կախված՝ հետագայում նախագահները բանակցությունները կշարունակեն Կազանում քննարկված փաստաթղթի հիման վրա, թե՞ կսկսեն նոր էջից: Այս երրորդ հանգամանքն առավել կարևոր է, քանզի այսօրվա հանդիպումից է կախված, թե բանակցային պրոցեսն ինչ ընթացք կվերցնի:
Փորձագետ Տիգրան Աբրահամյան