Վազգեն Սաֆարյան. Մաքսային միությանը` ՀՀ-ի անդամակցությունը կնպաստի ՓՄՁ-ների զարգացմանը
«Հայաստանը պետք է ակտիվորեն ներգրավվի Մաքսային միության տնտեսական կառույցների մեջ, ինչը կնպաստի ապրանքների, աշխատուժի անխափան տեղաշարժին դեպի Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայկական փոքր և միջին բիզնեսի սպասելիքներին Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելուց ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ի անդամակցությունը Մաքսային միությանը կնպաստի հայկական փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քանի որ կհեշտանա հայրենական արտադրողների արտադրանքի արտահանումը դեպի Մաքսային միության երկրներ:
«Մաքսային միության երկրներ մենք արտահանում ենք պատրաստի արտադրանք, այն դեպքում, երբ ԵՄ ենք արտահանում հիմնականում հումք»,-նշեց Վ. Սաֆարյանը:
Վ. Սաֆարյանը նշեց, որ եվրոպական երկրներում փոքր և միջին բիզնեսի կազմում է տնտեսության 70-80%, ինչն էլ դրականորեն է արդրադառնում քաղաքացիական հասարակության զարգացմանը այդ երկրներում:
«Հայաստանի փոքր և միջին բիզնեսը դեռևս այնքան էլ զարգացած չէ, քանի որ ՓՄՁ-ների համար պետք է նոր արտոնություններ սահմանվեն, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կարողանա զարգանալ»,-նշեց Վ. Սաֆարյանը:
Նրա խոսքերով, Հայաստանը և Ռուսաստանը ունեն ընդհանուր տնտեսական շահեր, ինչն էլ կնպաստի փոքր և միջին բիզնեսի միջև համագործակցության զարգացմանը:
Վ. Սաֆարյանը նշեց, որ Ռուսաստանը ունի էներգետիկ, հումքային մեծ պաշարներ, սակայն Ռուսաստանը ունի տնտեսության գիտատեխնիկական վերազինման կարիք և Հայաստանը այդ գործում կարող է օգնել իր գործընկերոջը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները