Փորձաքննությունը հաստատել է տեղի ունեցած վթարում Հրաչյա Հարությունյանի մեղավորությունը
Փորձաքննության արդյունքները հաստատել են հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի մեղավորությունը՝ այս տարվա հուլիսի 13-ին տեղի ուենցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված: Այս մասին տեղեկացնում է «ИТАР ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Ներքին գործերի Մոսկվայի վարչության մամուլի ծառայության տարածած հայտարարությանը:
Աղբյուրի փոխանցմամբ արդեն ստացվել են պատահարի պատճառ դարձած Կամազ մակնիշի ավտոմեքենայի երեք տեխնիկական փորձաքննության, ինչպես նաև վարորդ Հրաչյա Հարությունյանի դատա-հոգեբանական փորձաքննության արդյունքները: Ավտոտեխնիկական փորձաքննության արդյունքներից պարզ է դարձել, որ վարորդի գործողություններում բացահայտվել են երթևեկության կանոնների խախտման հանգամանքներ, ինչպես նաև մեքենայի տեխնիկական շահագործման կանոնների խախտումներ:
Բացի այդ պարզ է դարձել նաև, որ տևական ժամանակ վարորդի կողմից շահագործված մեքենայի տեխնիկական սպասարկումը չի իրականացվել բավական երկար ժամանակ: Հենց այս հիմքով էլ մեղադրվում է վարորդը, քանի որ համաձայն փորձագետների գնահատականների, մեքենայի նման վիճակը պատճառ է դարձել արգելակման համակարգի ոչ լավ աշխատելու համար:
Փորձաքննության արդյունքներում նաև շեշտվում է այն հանգամանքը, որ բեռնատար մեքենան եղել է գերբեռնված, ինչն էլ իր հերթին լրացուցիչ խնդիրներ է առաջացրել: Դատա-հոգեբանական եզրակացության մասով մասնագետները այն կարծիքին են, որ վարորդը գիտակից վիճակում է եղել՝ թե մինչև վթարը, և թե վթարից հետո:
Ներկա պահին ընթանում է մեղադրվող կողմին և փաստաբանին սույն եզրակացության արդյունքների ծանոթացման գործընթացը:
Հիշեցնենք, որ վթարից հետո Հրաչյա Հարությունյանը ընդունել էր իր մեղավորությունը՝ միաժամանակ ցավակցելով բոլոր տուժածների հարազատներին և ներողություն հայցել վերջիններից: Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքով վարորդը ցանկացել էր խուսափել դիմացը կայանած մեքենաների հետ բախումից, այդ իսկ պատճառով էլ ոչ ադեկվատ որոշում է ընդունել դուրս գալ դեպի հանդիպակած երթուղի, որն այդ պահին ազատ է եղել: Ընդ որում պետք է նշել, որ իրականում Հարությունյանին կհաջողվեր այս կերպ խուսափել դժբախտ պատահար ստեղծելուց, եթե այդ պահին չհայտնվեր այն ավտոբուսը, որին էլ բախվել էր: Հարությունյանը ավտոբուսը նկատել է միայն այն ժամանակ, երբ իր մեքենան շրջված է եղել՝ անիվները դեպի վերև վիճակում: Ներկա պահին Հարությունյանը գտնվում է կալանքի տակ, իսկ մեղավորությունը վերջնական հաստատվելուց հետո նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում: