«Ադրբեջանը ձերբակալված իրանցուն հավանաբար հանձնել է «Մոսսադ»-ին». Իրանի դեսպանը դժգոհ է Բաքվի պահվածքից
«Իսրայելի դեսպանության մոտով անցնելն այնպիսի պատճառ չէ, որ մարդուն ձերբակալեն»,-այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինը:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «թաբնաք.իռ» կայքը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Բաքվում Իսրայելի դեսպանության կողքով անցնելու համար Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Իրանի քաղաքացի Հասան Ֆարաջին: Իրանական աղբյուրը նշել էր, որ ձերբակալված իրանցու մտերիմներից մեկը հաղորդել է, որ Բաքվի «Բինե Ղադի» բանտի աշխատակիցները հօգուտ իրենց խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով վայրենաբար ծխախոտով այրել են անմեղ իրանցու մարմինը՝ նրան ենթարկելով դաժան տանջանքների:
Դեսպան Փաք Այինը, դժգոհելով ադրբեջանական կողմի պահվածքից, մասնավորապես հայտարարել է. «Ադրբեջանի կողմից Իրանի դեսպանության աշխատակիցներին ձերբակալված իրանցու հետ հանդիպելու խնդրանքը մերժելը ձերբակալվածի՝ տանջանքների ենթարկվելու հավանականությունը մեծացնում է»:
Իրանական «արաննյուզ.իր» կայքի մեկնաբանը, անդրադառնալով վերոնշյալ միջադեպին, նշում է. «Ձերբակալված իրանցու հետ հանդիպելու ԻԻՀ դեսպանության ցանկության մերժումը հիմք է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը անմեղ իրանցուն «Մոսսադին» հանձնած լինի»:
Նախօրեին ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սույն միջադեպին, մասնավորապես նշել է. «Ցավոք, մենք երեկ տեղեկացանք, որ Բաքվի բանտում Իրանի քաղաքացուն տանջանքների են ենթարկել: Այդ առնչությամբ Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությունը սույն տեղեկատվության իսկությունը ճշտելու նպատակով պաշտոնական նամակ է հղել Ադրբեջանի համապատասխան կառույցներին: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա Բաքուն պետք է շտապ պատասխան տա: Այդ խնդիրը գտնվում է նաև զգացմունքային դաշտում, հետևաբար ադրբեջանական կողմը պետք է պատասխան տալու հարցում շտապ քայլեր ձեռնարկի»:
Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի կարևորագույն գործերով դատարանը ԻԻՀ քաղաքացի Բահրամ Ֆեյզիին Իսրայելի դեսպանության վրա հարձակման փորձ և Իրանի համար լրտեսություն կատարելու մեղադրանքով դատապարտել է 15 տարվա ազատազրկման:
Ադրբեջանում Իրանի դեսպանությունը վերոնշյալ փաստի առնչությամբ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում էր. «Վերջին շրջանում առանց փաստեր ներկայացնելու Իրանի նկատմամբ լրտեսություն կատարելու մեղադրանքով կամ Իրանի կամ Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվում. Ադրբեջանում նմանատիպ գործերը քննվում են դռնփակ: Հայտարարում ենք, որ Իրանի քաղաքականության հիմնական սկզբունքը Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելն է, հույս ունենք, որ վերաքննիչ դատարանը չեղյալ կհայտարարի այդ որոշումը»:
Թեմային առնչությամբ մեկնաբանություն՝
Իրանի սահմանը փակելու Ադրբեջանի նպատակը տարածաշրջանը ապակայունացնելն է. Իրանագետ