ԼՂՀ ԱԳՆ. Կայացած հանդիպումն ապացուցում է խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 19-ին կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններով հանդես է եկել ԼՂՀ ԱԳՆ-ն: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայտարարությունում նշվում է.
«Տևական ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով հանդիպումների վերսկսումը կարևոր նշանակություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի աշխուժացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից։
Կարծում ենք, որ կայացած հանդիպումն ապացուցում է խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը և կծառայի նրա անշրջելիության ապահովմանը։
Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն հաշվի առնելով առկա իրողությունները և բանակցությունների լիարժեք ձեւաչափի՝ նրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական և ուղղակի մասնակցությամբ, վերականգման պայմանով»։