«Ղազիրը» չցուցադրելու պատճառը. Հարց է ծագում` որտեղի՞ց եկան որբերը և ի՞նչ է պատահել նրանց ծնողների հետ
ԱՄՆ ղեկավարության կողմից հայ որբերի գորգը չցուցադրելու պատճառների տակ շատերը քաղաքական ենթատեքստ են տեսնում: Միջազգային մամուլում, ոլորտի փորձագետների, ինչպես նաև ԱՄՆ կոնգրեսականների հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է միտքը, որ գորգը ներկայացնում է Հայոց ցեղասպանության դեպքերը, իսկ ԱՄՆ կառավարությունը չի ցանկանում շոշափել այդ թեման:
Panorama.am-ի հետ զրույցում Հայկական գորգերի ասոցիացիայի անդամ, արևելյան գորգերի փորձագետ Հարոլդ Բեդուկյանը շեշտեց, որ գորգի հետևում որբերի պատմությունն է. «Հայտնի է մոտ 1500 որբերի մասին, և հարց է ծագում` որտեղի՞ց եկան որբերը և սկսեցին սնկերի պես աճել, ի՞նչ է պատահել նրանց ծնողների հետ: Այսպիսով, եթե դու կարող ես ընդունել որբերի գոյությունը, ովքեր գրանցված են փասատթղթերում, դու ստիպված ես հարցնել` որտե՞ղ են նրանց ծնողները»:
«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն»-ի փորձագետ Աշխունջ Պողոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նախ նկատեց, որ «Ղազիր» գորգը 1925-ականներից պատկանում է Սպիտակ Տանը, վաղուց այնտեղ է, և ինչ-ինչ պատճառներ միշտ էլ կարող են գտնել չցուցադրելու համար:
«Մյուս կողմից էլ, եթե մենք խոսում ենք զուտ այդ գորգի մասին, մենք ունեցել ենք հարյուրավոր-հազարավոր որբանոցներ, դրանցում բոլորում ուսուցանվել են գորգագործությունն ու ասեղնագործությունը: Շատ հնարավոր է, որ դրա թիկունքում կանգնած լինեն քաղաքական հարցեր: Երևի զարմանալու բան էլ չլինի, ինքը` Օբաման, կարող է ժամանակին շատ խոստումներ է տվել… սովորաբար բոլորն էլ խոստումներ տալիս են, բայց ոչ մեկն էլ չի կատարում դրանք: Ես, բացի քաղաքականից, այլ բան չեմ տեսնում դրա տակ»,- ասաց նա: Աշխունջ Պողոսյանն ընդգծեց, որ դա կարևոր է այնքանով, որ որբերի գործած գորգն է և նվիրված է Ամերիկայի նախագահներից մեկին:
Այս հարցում ՀՀ մշակույթի նախարարության կարծիքը փորձեցինք լսել նախարարի տեղակալ Արև Սամուելյանից, ով հայտարարեց, որ ամեն ինչ դեռ արջևում է: «Քաղաքական պատճառ, ոչ քաղաքական պատճառ չեմ կարող հիմա դատել: Ես կարծում եմ, որ դա ժամանակի հարց է, որը կարող է լուծվել»,- Panorama.am-ին ասաց նա:
Հարցին` ինչ-որ բան կարվի՞ մեր կողմից, նա պատասխանեց. «Ժամանակի հարց է, կարևորը, որ ցուցադրվում է Կոնգրեսում»: Նկատենք, որ գորգը չի ցուցադրվում, այլ գտնվում է Սպիտակ Տան պահեստում: Շատ քիչ մարդիկ են տեսել այն: Նրանց թվում եղել է մի կին, ով տեսել է Սպիտակ Տանը գորգի նկարը և նշել էր, որ այդ գորգը գործել է նաև իր մայրը: 1995-ին նա Քլինթոնի վարչակազմից թույլտվություն էր ստացել այն տեսնելու համար:
Նշենք, որ Հայ դատի հանձնախումբը դիմել է տարբեր կոնգրեսականների, որպեսզի Սպիտակ տունը թույլատրի այս գորգի ցուցադրությունը: 33 կոնգրեսականներ էլ ստորագրել են Սպիտակ Տանն ուղղված նամակի տակ, որով կոչ է արվում հանրային ցուցադրման համար տրամդրել հայ որբերի կողմից գործված գորգը:
Նաև էլեկտրոնային ստորագրահավաք է սկսված, մինչև նոյեմբերի 24-ն անհրաժեշտ է հավաքել մոտ 100 հազար ստորագրություն:
Հիշեցնենք, որ սկզբում Սպիտակ տունը համաձայնվել էր գորգը հանրային ցուցադրման տրամադրել Սմիթսոնի թանգարանում դեկտեմբերին կայանալիք միջոցառմանը, սակայն վերջերս հայտարարել է, որ չի կարող այն տրամադրել: Դեկտեմբերի 16-ին կայանալիք միջոցառմանը մաս է կազմելու Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գործած գորգը» գրքի շնորհանդեսը:
Հայոց ցեղասպանությունից հետո որբացած մի խումբ երեխաներ տեղափոխվել էին Ղազիր՝ ներկայիս Լիբանան: Նրանց գործած «Ղազիր» գորգը 1925 թ. նվիրվել է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին` որպես երախտագիտություն Ցեղասպանության ժամանակ ԱՄՆ ժողովրդի կողմից հայ որբերին տրամադրված օգնության:
Նախորդիվ`
«Mcclatchydc.com». «Հայ որբերի գորգը. Մասունք , թե՞ անարգանք»