Կոժորա. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կնպաստի կողմերի միջև վստահության և փոխադարձ ընկալման ամրապնդմանը
ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան ողջունել է Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման փաստը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
«Վստահ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը կնպաստի կողմերի միջև վստահության և փոխադարձ ընկալման ամրապնդմանը և դրական խթան կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»,-նշել է Կոժարան:
«Մենք հավատում ենք, որ նման բանակցությունները ծառայում են խաղաղության, կայունության երաշխավորմանը և նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար:
Ուկրաինական նախագահությունը պատրաստ է հետագայում աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ կանոնավոր երկխոսության հաստատմանը, որն ուղղված է միջազգային իրավունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորմանը»,- ընդգծել է Լեոնիդ Կոժարան: