«Երևանյան հեռանկարներ». 14-րդ համերգաշարի վերջին երկու լավագույն համերգները դեռ առջևում են
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի 14-րդ համերգաշարի հերթական համերգը կայանալու է նոյեմբերի 28-ին. Հայաստանում առաջին անգամ ելույթ է ունենալու լեգենդար ջութակահար Մաքսիմ Վենգերովը: Այս մասին ասուլիսում հայտարարեց փառատոնի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: «Մենք հենց փառատոնի սկզբից մեծ երազանք ունեինք, որ այս երաժիշտը մի օր գա Հայաստան»,- նշեց նա: Ս. Ռոստոմյանի խոսքով, Մ. Վենգերովին, չնայած իր տարիքին (մոտ 40 տարեկան է) համեմատում են աշխարհի մեծագույն երաժիշտների հետ:
Շուրջ հինգ տարի տրավմատիկ բնույթի վնասվածքի (ուսի վնասվածք էր ստացել) հետևանքով Վենգերովը դադարեցրել էր իր կատարողական գործնեությունը՝ փոխարինելով այն փայլուն դիրիժորական կարիերայով: Նա հինգ տարի դադարից հետո առաջին անգամ մենահամերգով հանդես է եկել 2012-ին Լոնդոնի Վիգմոր հոլում:
Ս. Ռոստոմյանի խոսքով, հայաստանյան համերգի ծրագիրը բավականին հագեցած է. կատարելու է մեկ տասնյակից ավելի ստեղծագործություններ:
Փառատոնի 14-րդ համերգաշարի եզրափակիչ համերգը կայանալու է դեկտեմբերի 11-ին «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի համերգով: Ս. Ռոստոմյանի տեղեկացմամբ, Եվրոպայի ամենահեղինակավոր նվագախմբերից մեկը հանդիսացող խմբի հետ իբրև մենակատար և դիրիժոր հանդես է գալու մեծանուն ջութակահար Պինկաս Ցուկերմանը:
«Երկուսը մեկ տեղում՝ լավագույն նվագախումբ և լավագույն մենակատար, որը կլինի նաև խմբի դիրիժորը»,- այսպես բնութագրեց համերգաշարի վերջին համերգը փառատոնի հիմնադիր Ս. Ռոստոմյանը:
Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի մեկնարկել է Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հիշարժան համերգով, և շարունակաբար ներկայացրել այլ իրադարձային համերգներ, որոնց թվում էին Էստոնիայի պետական տղամարդկանց երգչախումբը, Հորտուս Մուզիկուս անսամբլը, ինչպես նաև Յուրի Բաշմետը և Մոսկվայի մենակատարներ կամերային նվագախումբը, Դմիտրի Խվորոստովսկին և Կոնստանտին Օրբելյանը, «Շանհայ» քառյակը, դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը և դիրիժոր Ստեփան Վիլլիխը:
Նշենք, որ փառատոնը 2008թ. անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնին աջակցում են նաև մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: