Սիրիայի քիմիական զենքը հնարավոր է ոչնչացվի ծովում
Սիրիայի քիմիական զենքը հնարավոր է մշակվի և ոչնչացվի ծովում, Reuters գործակալությանը հայտնել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ առնչություն ունեցող աղբյուրները:
Գործակալության զրուցակիցները փոխանցել են, որ այս տարբերակը քննարկվել է արևմտյան դիվանագետների և ՔԶԱԿ ներկայացուցիչների բանակցությունների ժամանակ, որտեղ առաջ է քաշվել քիմիական զենքը հատուկ նավում կամ ծովում աշխատող հորատող սարքավորման մեջ ոչնացնելու տարբերակը: Սակայն դեռ հայտնի չէ, թե համաշխարհային օվկիանոսի որ հատվածի մասին է խոսքը գնում, և ով է նման առաջարկով հանդես եկել:
«Քննարկվում է նավում քիմիական զենքը ոչնչացնելու առաջարկը»,-ասել է աղբյուրը:
Նշենք, որ մինչ այժմ ոչ մի երկիր չի ցանկացել իր տարածքում ոչնչացնել քիմիական զենքը: Նոյեմբերի սկզբին լուրեր տարածվեցին, որ քիմիական զենքը ոչնչացվելու է Ալբանիայում, սակայն երկու օր առաջ Ալբանիան մերժեց այն: