Դավութօղլուն անդրադարձել է պաշտոնական Երևանից ստացած հրավերին
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն Մեծ Բրիտանիայի իր պաշտոնակից Ուիլյամ Հեյգի հետ հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ պատասխանել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի:
Նա մասնավորապես նշել է, որ Երևանում կայանալիք «Սևծովյան տնտեսական համագործակցության» (ՍԾՏՀ) վեհաժողովին մասնակցության հրավերը սովորական երևույթ է, քանի որ ՍԾՏՀ-ի ժողովները կազմակերպվում են տվյալ ժամանակահատվածում նախագահությունը ստանձնած երկրում:
«Սա բազմակողմանի հավաք է, և բոլոր կողմերը հրավիրված են: Այն պետք չէ ներկայացնել որպես հատուկ, ուշագրավ գործընթաց: Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա Ադրբեջանի նախագահը Թուրքիայում էր և, ինչպես միշտ, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման, ինչպես նաև Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ համապարփակ խորհրդակցություններ անցկացրեցինք: Մենք բոլորս ցանկանում ենք, որ գործընթացի արագացմանն ուղղված քայլ կատարվի»,- ըստ թուրքական «Զաման» օրաթերթի` ասել է Դավութօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է նաև, որ Սարգսյան-Ալիև հանդիպման օրը Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ըստ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոսկովյան այցի շրջանակներում Ղարաբաղի հարցը կքննարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Մենք ցանկանում եք, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած խնդիրների խաղաղ լուծման միջոցով կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում: Այս ամենի համար կանենք անհրաժեշտ ամեն բան»,- ընդգծել է Դավութօղլուն:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան