Գ. Հարությունյան. «Մենք միշտ պետք է պատրաստվենք և՛ պատերազմի, և՛ խաղաղության»
«Մենք միշտ պետք է պատրաստվենք և՛ պատերազմի, և՛ խաղաղության: Այս առումով Սարգսյան-Ալիև հանդիպումը որոշակի դրական տարրեր է պարունակում: Սա առաջին հանդիպումն էր մոտ 2-2,5 տարի դադարից հետո: Երկու նախագահներն էլ նոր վերընտրված նախագահներ են, այսինքն հանգիստ պայմաններում որոշումներ ընդունելու բավական ժամանակ ունեն»,- այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, նշեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա առանձնացրեց մի քանի գործոններ, որոնք կարող են որոշակի զարգացումներ պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում: Առաջինը նա մատնանշեց հետագա տարիներին էներգառեսուրսների սպառման հետևանքով Ադրբեջանի տնտեսական կարողությունների թուլացումը: Մյուս գործոնն, ըստ բանախոսի, կապված է Եվրասիական միությանը Հայաստանի ապագա անդամակցության հետ, ինչը անվտանգության լրացուցիչ աջակցություն է ապահովում:
«Այս ամենը պետք է ստիպի Ադրբեջանի նախագահին ավելի իրատես մոտենալ խնդիրներին՝ չնայած գիտենք, որ ադրբեջանական կողմը մշտապես դիմում է անընդունելի քայլերի՝ բեկանելու բանակցային գործընթացը»,- ասաց Գ. Հարությունյանը:
Նրա կարծիքով՝ավելի լայն տարածաշրջանային զարգացումները նույնպես կարող են դրական ազդել գործընթացի վրա, երբ Սիրիայի հարցում որոշակի համաձայնության են եկել ԱՄՆ-ն և Ռուսաստանը, իսկ միջուկային ծրագրի հետ կապված ԱՄՆ-ի ու Իրանի միջև սկսվել են խաղաղ բանակցություններ: