Քաղցրավենիք՝ գլանակի դիմաց (Լուսանկարներ)
«Քայլենք առանց ծխախոտի», «Քո ընտրությունն առողջ միջավայրն է». ահա նման մակագրությամբ թռուցիկներով էին այսօր Հյուսիսային պողոտայում երիտասարդները դիմավորում անցորդներին։ Նոյեմբերի 21-ն աշխարհի շատ երկրներում հայտարարված է Չծխելու օր։ Օրվա առթիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Երևանն առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր հանրային միջոցառում՝ «Ընտրի′ր քո ճանապարհը» կարգախոսով։
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը կարևորում է տարբեր կազմակերպությունների կողմից ծխելու դեմ պայքարը։ Նա հատկապես շեշտում է օրենսդրական փոփոխությունների անհրաժշտությունը, ինչին հասնելու համար համատեղ ջանքեր են անհրաժեշտ։ «Պետք է անկեղծ լինենք ու ասենք, որ վերջին շրջանում բավականին լուրջ ուշադրություն է դարձվում հակածխախոտային պայքարին։ Խոստովանեմ, որ այսօրվա երիտասարդներն ավելի քիչ են ծխում, քան իմ ժամանակներում։ Երևի դրա պատճառն այն է, որ խորհրդային տարիներին երբեք հակածխախոտային քարոզ չէր իրականացվում»,- նշել է Մխիթար Մնացականյանը։
Հայաստանի երիտասադարական հիմանդրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, միջոցառման ընթացքում կամավորներն անցորդներին տեղեկացնում էին ծխախոտի վնասի մասին, տրամադրում տպագիր նյութեր։ Նրանք անցորդներին խրախուսում էին նետել իրենց ծխախոտները համապատասխան արկղի մեջ, ինչի դիմաց պարգևատրում էին քաղցրավենիքով:
«Երևանն առանց ծխախոտի» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Լուսանկարները` այստեղ:
Նախորդիվ` Տիգրան Սարգսյան. Ծխախոտից ամեն օր մարդ է մահանում, իսկ ՀԿ-ների ձայնը չի լսվում