Տիգրան Սարգսյան. Ծխախոտից ամեն օր մարդ է մահանում, իսկ ՀԿ-ների ձայնը չի լսվում
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է օրենքով արգելել ծխախոտի ապրանքատեսակների գովազդը, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը. տեղեկացնում են կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, խնդրո առարկայի վերաբերյալ չի լսվում հասարակական կազմակերպությունների ձայնը:
«Մինչդեռ ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում: Հասարակական կազմակերպությունների պայքարն համարժեք չէ ստեղծված վիճակին:
«Ինձ համար մի փոքր զարմանալի է, քանի որ բնապահպանների ձայնը գիշեր-ցերեկ լսում ենք, մինչդեռ ռիսկերը համադրելի չեն, ծխախոտից ամեն օր մարդ է մահանում»,- հավելել է վարչապետն ու շարունակել. «Բայց չգիտես ինչու հասարակությունը շատ ավելի հանդուրժող է այս հիվանդության նկատմամբ, քան բնապահպանական ցանկացած այլ երևույթի: Պայմանավորվենք, որ մենք սա պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում և փորձելու հասարակության մեջ էլ տրամադրություն ստեղծել, որպեսզի օժանդակեն մեզ այս հարցում»: