Պուտինն ու Էրդողանը Պետերբուրգում կքննարկեն նաև արցախյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցելու է Ռուս-թուրքական համագործակցության խորհրդի նիստերին: Սակայն բացի համագործակցության խնդիրներից, ենթադրվում է, որ Սիրիայում շարունակվող ճգնաժամը կլինի օրակարգի հիմնական թեմաներից մեկը: Հաղորդում է թուրքական Hurriyet Dailynews-ը:
«Լեռնային-Ղարաբաղի շուրջ բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնք վերջերս վերսկսվեցին, հավանաբար, նույնպես կքննարկվեն նիստերի ընթացքում, քանի որ Թուրքիան կոչ է արել երկու կողմերին էլ ձեռք բերել բանակցությունների այնպիսի զարգացում, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր լինի իրականացնել զուգահեռաբար»,- գրում է պարբերականը:
Ինչպես գիտենք Անկարան և Մոսկվան սիրիական ճգնաժամի հարցում ունեն հակադիր դիրքորոշումներ: Ռուսաստանը աջակցում է Բաշար Ասադի կառավարությանը, իսկ Թուրքիան աջակցում ապստամբ ուժերին:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև տնտեսական համագործակցության որոշ ասպեկտներ: Մասնավորապես, կդիտարկվեն ռուսական Ռոսատոմի կողմից Թուրքիայում նախատեսված 4800 մեգավատ հզորությամբ ատոմային էլեկտրակայանի կառուցմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Reuters գործակալության կողմից տարածված լուրերի համաձայն, այս նախագծի իրականացումը հետաձգվել է առնվազն մեկ տարով: