Ոչ բոլոր բուժհիմնարկներն են պահպանում պետպատվերի շրջանակներում ցուցաբերվող բուժօգնության սահմանված կարգը. ԱՆ
Առողջապահության նախարարությունն ուսումնասիրությունների արդյունքում, ինչպես նաև պարբերաբար ստացած ահազանգերի հետևանքով պարզել է, որ ոչ բոլոր բուժհիմնարկներն են պահպանում պետպատվերի շրջանակներում ցուցաբերվող բուժօգնության սահմանված կարգը: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:
Ըստ նրա, պետպատվերի շրջանակներում անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստացող քաղաքացիներին համապատասխան ծառայություններով ողջ տարվա ընթացքում ապահովելը հանդիսանում է առողջապահության նախարարության հետ պետպատվերի պայմանագիր կնքած յուրաքանչյուր բժշկական կազմակերպության առաջնահերթ պարտավորություններից մեկը. «Եթե խախտում են կարգը, նշանակում է խախտում են պայմանագիրը»:
«Պետք է բացառել այնպիսի իրավիճակները, որ որևէ պահից սկսած պետպատվերի շրջանակներում ցուցաբերվող ծառայության մատուցումը մերժվի այն պատճառաբանությամբ, թե տվյալ տարվա բյուջեն վերջացել է, պետպատվերի պայմանագրի գումարն ավարտվել է»,- ասաց Ս. Ծառուկյանը:
Նա նշեց, որ պայմանագրով սահմանվում է տվյալ կազմակերպության տարեկան կտրվածքով գլոբալ բյուջեն, որը, համաձայն գործող կարգի, բուժհիմնարկը պարտավոր է այն պլանավորել և ծախսել համամասնորեն, ամսեկան կտրվածքով՝ այդ նպատակով կատարելով նաև քաղաքացիների հերթագրում, եթե առաջանում է նման անհրաժեշտություն:
Կառավարության որոշմամբ սահմանված են այն հատուկ դեպքերը, երբ հերթագրում չի կարող կատարվել՝ սոցիալական հատուկ կարևորություն ունեցող և շրջապատի վրա վտանգ ներկայացնող հիվանդությունները, ծննդօգնությունը, 0-7 տարեկան երեխաների բուժօգնությունը և անհետաձգելի վիճակների բուժօգնությունը: Մնացած բոլոր դեպքերում բուժհիմնարկը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ հերթագրման թափանցիկ կարգ կիրառելու և բուժօգնության համար դիմող քաղաքացիների ֆինանսական հիմնավորումներով մերժման դեպքերը բացառելու համար:
«Եթե սահմանված կարգը պահպանվի բոլոր հիմնարկներում, զգալիորեն կբացառվեն քաղաքացիների արդարացի դժգոհությունները պետպատվերի հետ կապված»,- ասաց Ս. Ծատուրյանը: