Շանթ Հարությունյանը չի դժգոհել հոգեբուժարանի բուժանձնակազմից
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժարան և այսօրվանից 24 օր շարունակ նա կենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
«Ես այսօր գնացել եմ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ, բայց պարզվեց, որ երեկ ուշ ժամի Շանթին տեղափոխել են: Գնացի հոգեբուժարան, հանդիպեցի նրա հետ, վիճակը լավ էր, ասաց, որ դժգոհություն չունի բուժանձնակազմից»,- փոխանցեց տիկին Պետրոսյանը:
Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենաթրկելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նոյեմբերի 19-ին:
Նշենք, որ Շանթ Հարությունյանը կալանավորվել է նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Հայտնի է, որ նա չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը: