Ուկրաինան դադարեցրել է բանակցությունները Եվրոպայի հետ
Ուկրաինայի նախարարների խորհուրդը նոյեմբերի 21-ին դադարեցրել է Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:
Կառավարությունը երկրի աևտրի և տնտեսական զարգացման, արդյունաբերական քաղաքականության, պարենի և ագրարային քաղաքականության, էներգետիկայի ու ածխի արդյունաբերության, ենթակառուցվածքների հարցերով նախարարություններին հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ պետական նպատակային, առանձին ոլորտների ու տարածաշրջանային ծրագրերում համապատասխան փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակումներին՝ «նպատակ ունենալով պետության տնտեսական կայունության մակարդակը բարձրացնելու միջոցով պահպանել աշխատատեղերն ու լուծել սոցիալական այլ խնդիրներ»:
Նշենք, որ այս ամսվա 28-29-ին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում նախատեսվում էր ասոցացման համաձայնագրի ստորագրում Ուկրաինայի ու Եվրամիության միջև: