Վարդան Պետրոսյանի նկատմամբ «անմարդկային վերաբերմունքի» մասին փաստաբանը նամակ է գրել Պաշտպանին
«Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նամակն ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավաբանները դրան ընթացք կտան անպայման»: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:
«Մեր իրավաբանները կուսումնասիրեն և մեր իրավասությունների շրջանակում կփորձեն խնդրի համար լուծումներ գտնել»,- փոխանցեց խոսնակը:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղադասարյանը ավելի վաղ հայտարարել էր, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` Վարդան Պետրոսյանի խախտված իրավունքների պաշտպանությունը իրականացնելու համար:
Մասնավորապես, փաստաբան Բաղդասարյանը դիմումի մեջ գրել է, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը իր գործողություններով դիտավորյալ Վարդան Պետրոսյանին ենթարկել է ֆիզիկական կամ հոգեկան տանջանքների, ստացիոնար բուժման կարիք ունեցող անձին բերման ենթարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «Այլ կերպ ասած, ՀՀ ոստիկանության բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն իր գործողություններով Վարդան Պետրոսյանի նկատմամբ դրսևորել է անմարդկային վերաբերմունք», -դիմումի մեջ նշել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը նաև վկայակոչում է Սահմանադրության 17-րդ հոդվածը, որով արգելվում է անմարդկային վերաբերմունքը, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի` խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքին վերաբերող 3-րդ հոդվածը:
Նախորդող հրապարակումներ.
Վարդան Պետրոսյանը ցուցմունք է տվել ու ասել , որ հրաժարվում է մասնակցել քննիչ Հակոբյանի քննչական գործողություններին
«Դեռասանն, մեյմունություն է անում». Վ. Պետրոսյանի փաստաբանը ոստիկանապետին խնդրում է պատժել քննիչ Հակոբյանին
Վարդան Պետրոսյանի կալանքի որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում կքննվի նոյեմբերի 21-ին
Վարդան Պետրոսյանի կալանքի մասին որոշումը դատարանը ընդունել է խախտումներով. Փաստաբանը թվարկում է դրանք