Խորհուրդ ենք տալիս ադրբեջանական «Զերկալո» պարբերականին աշխատանքի վերցնել իրանագետի կամ կոմպետենտ լրագրողների
Ադրբեջանական «Զերկալո» պարբերականը կամ անիրազեկության և իր աշխատակազմում իրանագետների բացակայության պատճառով, կամ էլ սադրանք հրահրելու նպատակով Panorama.am լրատվական գործակալությանը մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ կապված Իրանի քաղաքացի Հասան Ֆարաջիի գործի հետ, որը ձերբակալվել էր Բաքվում Իսրայելի դեսպանատան կողքով անցնելու համար:
Եվ այսպես, «Զերկալո.ազ» կայքում կարդում ենք հետևյալը. «Նոյեմբերի 21-ին Panorama.am-ը, հղում անելով իրանական “թաբնաք.իր” կայքին, տեղեկատվություն է տարածել առ այն, որ Բաքվի բանտի աշխատակիցները հօգուտ իրենց խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով վայրենաբար ծխախոտով այրել են անմեղ իրանցու մարմինը՝ նրան ենթարկելով դաժան կտտանքների:
Արդեն իսկ անճշտություն. նյութը «թաբնաք.իր» կայքում հայտնվել է դեռևս նոյեմբերի 18-ին: Հոդվածի բնօրինակը հասանելի է ստորև նշված հղումով և այնտեղ իսկապես առկա է նշված տեղեկությունը, որը վերցրել էինք իրանական կայքից:
Կարդում ենք շարունակությունը. «Հայկական ԶԼՄ-ները ներկայացնում են իրանական «արաննյուզ.իր» կայքի թղթակցի մեկնաբանությունը, որում խոսվում է այն մասին, որ «Ձերբակալված իրանցու հետ հանդիպելու ԻԻՀ դեսպանության ցանկության մերժումը հիմք է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունն անմեղ իրանցուն «Մոսսադին» հանձնած լինի»:
Տվյալ հոդվածի բնօրինակը ևս հասանելի է իրանական աղբյուրում, որտեղ կարելի է գտնել սույն մեկնաբանությունը:
Ինչպես նկատում ենք, Panorama.am լրատվական գործակալությանը ապատեղեկատվության կամ առանց իրանական սկզբնաղբյուրին հղում անելու տեղեկատվություն տարածելու մեջ մեղադրելն անհնար է:
Կարդում ենք շարունակությունը. «Panorama.am-ը նաև ներկայացնում է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհսեն Փաք Այինի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից Իրանի դեսպանության աշխատակիցներին ձերբակալված իրանցու հետ հանդիպելու խնդրանքն անպատասխան թողնելը ձերբակալվածի՝ կտտանքների ենթարկվելու հավանականությունն ավելի է մեծացնում»:
Իսկապես Panorama.am կայքում նոյեմբերի 21-ին թողարկված նյութում՝ կարդում ենք. «Դեսպան Փաք Այինը, դժգոհելով ադրբեջանական կողմի պահվածքից, մասնավորապես հայտարարել է. «Ադրբեջանի կողմից Իրանի դեսպանության աշխատակիցներին ձերբակալված իրանցու հետ հանդիպելու խնդրանքը մերժելը ձերբակալվածի՝ կտտանքների ենթարկվելու հավանականությունը մեծացնում է»:
Որպեսզի համոզվենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինն իսկապես խոսում է կտտանքների կիրառման հավանականության մեծացման մասին, բավական է բացել սկզբնաղբյուրը և ստուգել՝ կամ էլ բացել «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքը:
Ադրբեջանական պարբերականը, չկարողանալով, կամ էլ ծուլանալով ստուգել սկզբնաղբյուրը, դիմել է Ադրբեջանում Իրանի դեսպանություն: Ամենայն հավանականությամբ ոչ կոմպետենտ ադրբեջանցի լրագրողները սխալ են ձևակերպել հարցն առ այն, թե «արդյո՞ք դեսպանը խոսել է Իրանի քաղաքացուն կտտանքների ենթարկելու մասին», ինչի արդյունքում և ստացել են սպասելի պատասխան, որ. «Ոչ չի խոսել»:
Եվ իսկապես, եթե կարդանք Panorama.am կայքի կամ իրանական սկզբնաղբյուրի տեղեկատվությունը, մենք հստակ կնկատենք կտտանքների կիրառման «հավանականության մեծացման», այլ ոչ թե հենց Ֆարաջիի՝ կտտանքների ենթարկվելու առնչությամբ դեսպանի հայտնած մտահոգությունը:
«Զերկալո.ազ» կայքում կարդում ենք. «Մենք որոշեցինք պարզել, թե իսկապե՞ս ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաք Այինը «ԻՌՆԱ»-ի հետ զրույցում նշել է, թե Ադրբեջանի կողմից Իրանի դեսպանության աշխատակիցներին ձերբակալված իրանցու հետ հանդիպելու խնդրանքը մերժելու փաստն էլ ավելի է մեծացնում ձերբակալվածի՝ կտտանքների ենթարկվելու հավանականությունը:
Այդ առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով մենք դիմեցինք Իրանի դեսպանի՝ քաղաքական հարցերով խորհրդական Մուսեվիին: Նշենք, որ քանի որ դեսպանատան մամուլի քարտուղարը այս պահին գտնվում է Իրանում, պարոն Մուսեվին է ստանձնել մամլո ծառայության ղեկավարի պարտականությունները:
«Մեր դեսպանը կտտանքների կիրառելու մասին ոչինչ չի ասել: Նա պարզապես հայտարարել է, որ դեսպանության աշխատակիցներն իրավունք ունեն հանդիպել իրենց երկրի ձերբակալված քաղաքացուն»,- մեզ հետ զրույցում նշեց խորհրդականը:
Ելնելով վերոնշյալից՝ ստացվում է, որ կամ Մուսեվին չի հասկացել լրագրողի հարցը, կամ գիտակցաբար մոլորեցրել է նրան, քանի որ իրանական ԶԼՄ-ների հրապարակումների (որտեղ դեսպանը խոսում է կտտանքների կիրառման հավանականության մասին), «Սքրին շոթերը» պահպանվում են Panorama.am-ի խմբագրությունում:
Այժմ կարդում ենք ադրբեջանական պարբերականի անտրամաբանական եզրակացությունը. «Այն բանում, որ Panorama.am անվամբ հայկական ԶԼՄ-ն տարածում է կեղծ տեղեկատվություն`փորձելով Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածություն առաջացնել, որևէ յուրահատուկ բան չկա: Սակայն զարմանալին այն է, որ գործակալությունն իր նպատակներին հասնելու համար օգտագործում է այսքան էժանագին միջոցներ.Չնայած հայկական ԶԼՄ-ներից այլ բան սպասել, երևի թե պետք չէ»:
Ստացվում է, որ Ադրբեջանում իրանցի բանտարկյալներին խոշտանգումների են ենթարկում, լրագրողները չեն կարողանում շփվել դեսպանության ներկայացուցիչների հետ և հեղինակավոր թերթի խմբագրությունն իր տրամադրության տակ չունի գեթ մեկ իրանագետ, իսկ դրանում մեղավոր է հայկական լրատվական գործակալությունը, որը բարեխղճորեն և օպերատիվ կերպով լուսաբանում է թեման՝ հղում անելով իրանական սկզբնաղբյուրին: