Գերմանիայում ուսումնասիրում են Վահան Հովհաննիսյանի դեմ հարուցված գործի մանրամասները
«Քաղաքական շրջանակներում խոսվում է, որ Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառը Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի հայտարարությունն է, թե ՀՅԴ-ն ահաբեկչական կառույց է: Հիմա Գերմանիայում ստուգում են ՀՅԴ բնույթը»:
ԱԳՆ «Հրապարակ»-ի աղբյուրներն ասում են, որ նման բան չկա, Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառն ընդամենը այն է, որ Վահանն անցնում էր «31»-ի գործով և գերմանացիները ուսումնասիրում են գործի բոլոր հատորները, որից հետո հաստատապես կգա դրական պատասխան, գերմանական կողմը կգտնի, որ այն քաղաքական շարժառիթներով է հարուցվել, ինչը ողջ աշխարհում «ընդունված» ու «հասկանալի» պրակտիկա է` տեղեկացրել է «Հրապարակ»-ի զրուցակիցը:
«Ի դեպ, զուտ ֆորմալ տեսանկյունից ագրեմանն ամենևին էլ չի ուշանում, այն կարող է 6-8 ամիս տևել, Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է ընդամենը հոկտեմբերին, մինչև գարուն ժամկետ կա»:
Ինչ վերաբերում է Գերմանիայում թուրքական լոբբինգի գործոնին, այն, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, տեղ ունի, սակայն ոչ այնքան, որքան կարծում են. «Կա մեկ այլ էական գործոն. Գերմանիան այսօր դառնում է ամենաառանցքային երկիրը ԵՄ-ում. Բրիտանիան իր զորքերը հանել է այնտեղից, Մերկելն էլ նախորդ օրը հայտարարել էր, որ պետք է պաշտպանել Արևելյան գործընկերության երկրներին Ռուսաստանի ճնշումներից, ինչն էլ նշանակում է, որ Եվրոպայում ուժերի դասավորությունը փոխվում է` փոփոխելով գերմանառուսական ավանդական-բարեկամական հարաբերությունները»: