««Մանկական Եվրատեսիլ- 2013»-ում հայաստանյան մասնակիցը համեղ ելույթ է ցուցադրելու կիևյան բեմում»»
«Համեղ, շոկոլադին բնորոշ ելույթ է լինելու»: Այսպես ներկայացրեց «Մանկական Եվրատեսիլ- 2013» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Մոնիկա Ավանեսյանի ելույթը կիևյան բեմում:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Մոնիկա Ավանեսյանը իր «Շոկո ֆաբրիկա» երգով:
Մոնիկայի վոկալի ուսուցչուհի, «Շոկո ֆաբրիկա» համահեղինակ Էմմա Ասատրյանն ասաց, որ երգի գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը. «Բարձ, պրոֆեսինալ մակարդակի վրա է, համապատասխանում է այն տենդենցներին, որ կա աշխարհում»: Հագուստների հեղինակը մոդելավորող Լիլիթ Մարգարյանն է: Է. Ասատրյանն ասաց, որ երգի բառերում փոփոխություններ են կատարվել` «պատրաստվում է հայկական շոկոլադ»:
«Մեր երգն իր ոճով առանձնահատուկ է»,- ասաց Գ. Գասպարյանը` հավելելով, որ կան մի քանի կատարումներ, որոնք մրցակից կարող են լինել «Շոկո ֆաբրիկա»-ին, թեև չնշեց, թե կոնկրետ որ երկրների ներկայացուցիչներն են:
Մ. Ավանեսյանն ասաց, որ իրեն դուր է եկել Մալթայի և Ռուսաստանի ներկայացուցիչների կատարումները: Խոսելով իր կատարման մասին, նա նշեց, որ նախ ցանկանում է գոհացնել իր ուսուցիչներին, իր հայրենիքը լավ ներկայացնել ու լավ հորիզոնական զբաղեցնել:
«Մանկական Եվրատեսիլ- 2013»-ն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևում «Եղիր ստեղծագործ» կարգախոսի ներքո, տարբերանշանն է Puzzle Man-ը: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն, թեև դեռ հայտնի չէ, թե ինչ ձևաչափով: Մրցույթի մասնակցելու է 12 երկիր` Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ռուսաստան, Սան Մարինո, Շվեդիա, Ուկրաինա, Ադրբեջան:
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին. «Արևիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում երկրորդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010-ին ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում և մեր երկիրը այս անգամ ներկայացրել է Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012-ին Հայաստանը ներկայացրել է «Compass band» խումբը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում