Թ. Մանասերյան. Հայաստանի տնտեսությունը կարող է իրապես 10 և ավելի տոկոս աճ արձանագրել (Տեսանյութ)
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այն կարծիքին է, որ Բյուջե 2014-ում տնտեսության առաջ կանգնած մարտահրավերներն ամբողջությամբ հաշվի չեն առնված:
«Սպասվածից ավելի համեստ թվեր են արձանագրված, որոնք կարող էին լինել ստվերային տնտեսության կրճատման դեպքում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թ. Մանասերյանն ու հույս հայտնեց, որ 2014-ը բարենպաստ տարի կլինի:
Նրա գնահատականով, 2014-ի համար նախատեսված տնտեսական աճի ցուցանիշը չի արտացոլում Հայաստանի տնտեսության ունեցած կարողությունը. «Ավելին ասեմ, Հայաստանի տնտեսությունը կարող է իրապես 10 և ավելի տոկոս աճ արձանագրել, եթե օգտագործվեն հնարավորությունները»:
Նրա խոսքով, պետք է լինի ռեսուրսների հաշվարկում, մրցակցային առավելությունների բացահայտում, մրցունակության ազգային մոդելի կառուցում, այնուհետև դրա կիրառման համար նպաստավոր միջավայրի ձևավորում և այլն:
Ֆինանսների նախարարության տեղեկանքի համաձայն, 2014թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված են մակրոտնտեսական հետևյալ չափորոշիչները. 2014թ. համար կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի իրական աճ՝ 5.2%-ի չափով, գնաճ՝ միջինը 5.5%-ի չափով, 12-ամսյա գնաճ՝ 4.5%-ի չափով և ՀՆԱ ինդեքս դեֆլյատոր՝ 4.3%-ի չափով, պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ում՝ 2.3%-ի չափով, ընթացիկ հաշվի դեֆիցիտը ՀՆԱ-ում՝ 8.6%-ի չափով: Ըստ այդմ` ձևավորվել են 2014թ. պետական բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը և դեֆիցիտը: Համապատասխանաբար` եկամուտների գծով մուտքերը կկազմեն 1 տրլն 134 մլրդ 415 մլն դրամ, ծախսերի գծով՝ 1 տրլն 244 մլրդ 950 մլն դրամ, և դեֆիցիտի գծով 110 մլրդ 534 մլն դրամ:
Ասուլիսի մանրամասները` տեսանյութում: